Վերջին տարիներին սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվի նվազման մեջ դրական դինամիկա կա։ Այս մասին NEWS.am-ի զրույցում նշեց Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը։
«2008-2012 թվականների ժամանակահատվածում ծնվածների մեջ աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100-115, իսկ 2020 թվականին` 9 ամսում` 100-111,3: Դրական միտումն, իհարկե, նկատելի է սակայն աղջիկ-տղա բնական համամասնությունը 100-102ից 106 է։ Եթե ընտանիքը պլանավորում է երկու երեխա, մեկ երեխան անպայման գերադասում են, որ լինի տղա։ Այսինքն՝ մենք նաև պետք է ձգտենք, որ պտղաբերության ցուցանիշը մեր երկրում բարձրանա, որն այսօր շատ ցածր է և կազմում է 1․6, ծնելիությունը բարձրանա և նաև մտածելակերպը մարդկանց փոխվի»,- նշեց նա։
Փաշայանի խոսքով՝ խնդիրը սկսել է մտահոգիչ դառնալ սկսած 2000-ականներից, երբ համամասնության ցուցանիշով մենք մոտ էինք անգամ Հնդկաստանին և Չինաստանին։ Թարմ տվյալներ, թե մասնավորապես, որ մարզում է շատ սելեկտիվ աբորտների թիվը, հայտնի չէ, սակայն այդ ցուցանիշով սովորաբար առաջատար է Գեղարքունիքի մարզը։
Բացի սա, ըստ վիճակագրական կոմիտեի, 2020 թվականի Հայաստանի ժողովրդագրական տվյալների՝ սեռերի հարաբերակցության գործակիցը, ըստ ծննդի կարգի՝ առաջին երեխայի դեպքում 1.04 է, երկրորդի դեպքում՝ 0.07, երրորդի երեխայի դեպքում՝ 1.27, չորրորդ երեխայի դեպքում՝ 1.26:
Սեռերի հարաբերակցության գործակիցների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրական տեղաշարժ կա հատկապես երկրորդ երեխայի պարագայում։
Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի խոսքով՝ վերջին տարիների դրական միտումը նկատվում է ի շնորհիվ կառավարության, օրենսդիր մարմնի, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ինտենսիվ աշխատանքների շնորհիվ։ Կարևոր փոփոխություններից Փաշայանն առանձնացնում է օրինակ հղիությունն ընդհատելու մտադրություն ունեցող կնոջը տրվող երեք օր ժամանակը, որի շնորհիվ կինը կարող է վերանայել իր որոշումը։
«Կինն այս երեք օրվա ընթացքում հասցնում է մտածել, ծանրութեթև անել ու նաև եղել է այնպես, որ սոնոգրաֆիստը խորհրդարտվություն է ցույց տվել մարմնի մասերն է ցույց տվել կնոջն այդ հետազոտության ընթացքում, և կինն իր որոշումը փոխել է»,- ասաց Նունե Փաշայանը։
Նունե Փաշայանը վստահ է՝ հարաբերակցությունը ժամանակի ընթացքում կկարգավորվի, քանի որ մեր երիտասարդությունն աղջիկ երեխաների նկատմամբ ավելի ջերմ վերաբերմունք ունի։
Թեմային հայտարարությամբ օրեր առաջ անդրադարձել էր Մարդու իրավունքների պաշտպանը։ Ըստ արված որոշ ուսումնասիրությունների արդյունքների՝ կանայք հաճախ այդ քայլին դիմում են ընտանիքի անդամների ճնշումներից հարկադրված։











