Հարկային օրենսգրքում առաջարկվող կարգավորումը ոչ միայն լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելուն է ուղղված, այլ մրցակցային պայմանները հավասարեցնելուն:

Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝  անդրադառնալով էլեկտրոնային հարթակներում ծառայությունուն մատուցող ընկերություններին հարկելու մասին օրենսդրական փոփոխություններին:

«Սրա արդյունքում, մեր հաշվարկներով ամենաքիչը 20 մլն դրամ լրացուցիչ հարկ կհավաքվի: Օրինակ, Յանդեքս տաքսին այս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո առնվազն 1 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ կվճարի եւ կհավասարվի GG տաքսին: Կամ ասենք, օրինակ եթե մարդը այդ հարթակների միջոցով վարձով տուն է տալիս, ինքը նույնպես ստիպված պետք է մտնի հարկային դաշտ, եւ դա ճիշտ է»,-ասաց նա:

Նշենք, որ հարկային օրենսգրքում այս փոփոխությունը վերաբերում է, մասնավորապես Google, Facebook եւ այլ նմանատիպ հարթակների միջոցով ծառայություն մատուցող ընկերություններին: