Մեր խմբակցության համար հանձնաժողովների հարցում առաջնահերթ կարևոր է անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության ոլորտները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, նշեց Ազգային ժողով փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Հանձնաժողովի նախագահների հարցը նույնպես լինելու է հրապարակային։ Առաջնորդվելու ենք Դոնթի բանաձևով։ Առաջին երկուսը կընտրի իշխանությունը, հետո՝ մենք, ու այդպես շարունակ։ Հավանաբար, իշխանությունն առաջինը կստանձնի պաշտպանության հանձնաժողովը։ Մեր համար շատ կարևոր է նաև Արցախի հարցերի հանձաժողովը, որը «Պատիվ ունեմի» նախաձեռնությունն էր, և մենք ամբողջապես միացել ենք դրան։ Մենք մեր ելույթներով կհիմնավորենք դրա ստեղծման անհրաժեշտությունը և կարևորությունը»,- ասաց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ իշխանության դիտարկումը, որ սոցիալական հարցերի հանձնախումբը կլուծի նաև արցախցիների հարցը, անտրամաբանական է։

«Արցախցիների հարցը ազգային և քաղաքական է, ոչ թե սոցիալական հանձանաժողովի մակարդակի հարց։ Հենց դրանում է մեր և այսօրվա իշխանության մոտեցումների և հակդրություն բուն առարկան»,- հավելեց Սաղաթելյանը։