Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը կապված է Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքների հետ: Աֆղանական գործոնը դեռ իր ազդեցությունը չի ունեցել մեր տարածաշրջանի գործընթացների վրա, որոնք կարող են տեղի ունենալ ապագայում: Այս մասին «TALK TIME» հաղորդաշարի եթերում ասաց արեւելագետ Հայկ Քոչարյանը:
«Այն, ինչ այժմ կատարվում է մեր տարածաշրջանում, կապված է այլ գործոնների հետ եւ այլ ենթատեքստ ունի: Միեւնույն ժամանակ Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացները փոխում են իրավիճակը անվտանգության տեսանկյունից, այդ թվում` միգրանտների հնարավոր ներհոսքի տեսանկյունից, ինչը կարող է անդրադառնալ Անդրկովկասի, այդ թվում` Հայաստանի անվտանգության վրա: Բացի այդ, Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացները կարող են հանգեցնել արմատական իսլամիստների ոգեւորության աճի, որոնք կարող են ակտիվանալ մեր տարածաշրջանում:
Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել ՀԱՊԿ գործոնը, որը ներառում է նաեւ Միջին Ասիայի երկրները, ինչպես նաեւ Հայաստանը, որը շուտով կստանձնի նախագահությունը Կազմակերպությունում»,- պարզաբանեց արեւելագետը: Ինչ վերաբերում է բուն Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացներին, ապա սա, ըստ Քոչարյանի, ավելի շատ ներքին հեղափոխության է նման: «Եթե թալիբները կարողանան արագորեն վերցնել իշխանությունը երկրում եւ խուսափել զանգվածային անկարգություններից, ապա այս ամենը կարելի կլինի անվանել ներքին հեղափոխության հաջող փորձ Աֆղանստանում եւ նոր պետությունում:
Մոտավորապես 2020 թվականից, դեռեւս Թրամփի նախագահության ժամանակներից, ԱՄՆ իշխանություններն արդեն շփումներ ունեին թալիբների հետ, եւ այս տեսանկյունից Աֆղանստանից հեռանալու Վաշինգտոնի որոշումը չի ընդունվել 1-2 օրվա ընթացքում: Ելնելով Բայդենի հայտարարություններից՝ կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ը մտադիր է զսպել Ռուսաստանի եւ Չինաստանի ամրապնդումը, եւ այս տեսանկյունից Աֆղանստանը բեռ է՝ առաջին հերթին ֆինանսական տեսանկյունից: Կարծում եմ՝ եղել է որոշակի պայմանավորվածություն եւ կա «կարմիր գիծ», որը որոշել է ԱՄՆ-ը:
Սակայն նման արագ գործընթացները անակնկալ էին նաեւ Վաշինգտոնի համար»,- ընդգծեց նա: Փորձագետը նշեց, որ Թուրքիան իր հերթին ձգտում է ուժեղացնել վերահսկողությունը հաղորդակցությունների եւ ճանապարհների վրա, եւ Աֆղանստանն այս իմաստով շատ կարեւոր կետ է: «Սակայն թալիբները չեն ցանկանում տեսնել ՆԱՏՕ-ի ներկայությունը երկրում: Հետեւաբար, Թուրքիայի համար այս երկրում ներկայություն ապահովելու խնդիրը բարդանում է, բայց դեռ հնարավոր է:
Հայտնի է, որ թալիբներին ակտիվորեն աջակցում է Անկարայի հետ լավ հարաբերությունների մեջ գտնվող Կատարը: Հետեւաբար, Թուրքիան կարող է դիմել Կատարի միջնորդությանը եւ կապ հաստատել թալիբների հետ»,- եզրափակեց Քոչարյանը:











