Տարածաշրջանում թշնամանքի հաղթահարումը կարող է արտաքին քաղաքականության կարեւոր, առանցքային բաղադրիչ դառնալ: Այս մասին օգոստոսի 24-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը:
Նրա խոսքով՝ թշնամանքի խորացումը սպառնալիք է տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար: Նա հիշեցրեց, որ իր կողմից ավելի վաղ արտահայտված այս միտքը կոշտ քննադատության էր ենթարկվել:
«Իսկ ի՞նչ են առաջարկում քննադատները տարածաշրջանում մեր այն հարաբերությունների հետկապված, որը հսկայական ենթատեքստ ունի եւ նույնիսկ թշնամանքի պոտենցիալ: Սա ոչ թե ինչ-որ բան մոռանալու, հրաժարվելու, եղբայրական կամ բարեկամական հարաբերություններ հաստատելու, այլ այն հարցին պատասխանելու մասին է, թե ինչ ենք անելու թշնամանքի մթնոլորտի հետ: Պետք է խորացնե՞նք այն: Մեր առջեւ խնդիր դնենք ոչնչացնե՞լ նրանց, ում թշնամի ենք համարում: Նրանք նույն խնդիրն են դնելու: Եւ նույնիսկ եթե նրանք արդեն դրել են այդ խնդիրը, մենք պատրա՞ստ ենք այս սպառնալիքի կառավարումը դարձնել մեր ամենօրյա աշխատանքի եւ օրակարգի մի մասը»,- նշեց Փաշինյանը՝ արդեն Զսանգեզուր եւ Սեւանի ափեր «վերադառնալու» Ադրբեջանի նախագահի որ հայտարարությունների ֆոնին:
Կառավարության ղեկավարը հավելեց, որ տարածաշրջանի մյուս երկրները միմյանց նկատմամբ թշնամանք չեն տածում՝ Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը միմյանց համարում են գործընկերներ եւ բարեկամ երկրներ: «Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Իրանի եւ Վրաստանի հետ, բայց այն, որ մենք թշնամության սուբյեկտներ եւ օբյեկտներ ենք, անխուսափելիորեն ազդում է տարածաշրջանի մեզ համար բարեկամ երկրների հետ մեր հարաբերությունների վրա: Սա տարածաշրջանային օրակարգի, բայց նաեւ մեր օրակարգի հարց է: Կառավարման եւ թշնամական մթնոլորտի հաղթահարման օրակարգը կարող է առանցքային դառնալ արտաքին քաղաքականության մեջ, համագործակցությունը կարող է հետաքրքրել նաեւ տարածաշրջանի այլ երկրներին: Այս ամենից օգուտ քաղելու համար պետք է դադարեցնել բոլոր բղավոցներն ու վիրավորանքները, պետք է խոսեն փաստերը, վերլուծությունները, ռացիոնալ դատողությունը: Սա ազգային անվտանգության խնդիր է, որի լուծումը չի կարող լինել միայն իշխանությունների օրակարգի մաս: Մեր արտաքին քաղաքական ջանքերն՝ ուղղված տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, եւ այլ դերակատարների կառուցողական մոտեցման ցուցադրումը կհանգեցնեն խաղաղ եւ փոխշահավետ համագործակցության մթնոլորտի ձեւավորմանը: Այս տեսանկյունից առանցքային է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կետերի լիարժեք իրականացումը»,- եզրափակեց նա:











