Քանի որ իմ արտահայտած ցանկացած կարծիք կարող է սուբյեկտիվ հնչել, թե ինչու է իմ նկատմամբ հարուցվել կարգապահական վարույթ, դրա համար զերծ կմնամ իմ մասով գնահատականներ տալուց: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:
«Մեր ասելիքները մենք կներկայացնենք արդեն ԲԴԽ նիստերի ընթացքում: Կարծում եմ՝ անկողմնակալ դիտորդի մոտ կարծիք ու համոզմունք կձևավորվի, թե որն էր նպատակը և ինչքանով էր իրավաչափ այդ կարգապահական վարույթի հարուցումը»,- ասաց Ռշտունին:
Դիտարկմանը, որ արդարադատության նախարարությունն իր սեփական նախաձեռնությամբ է ուսումնասիրության կատարել, տպավորություն է, որ որոշ դատավորների գործունեությունը խոշարացույցով ուսումնասիրության առարկա է դարձել, Վ.Ռշտունին ասաց. «Անկեղծ ասած, այդպես է եղել: Ես ճիշտն ասած ծանոթ չեմ մեկ այլ վարույթի, որ նման ձևով, իրենց նախաձեռնությամբ իրենք ուսումնասիրեն դատավորի գործերն ու վարույթ հարուցեն: Այդ ամեն ինչի մասին մենք կխոսենք դատական նիստի ժամանակ»:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ արդարադատության նախարարի հարուցած կարգապահական վարույթով Բարձրագույն դատական խորհրդում նրա շահերը կներկայացնի «Իրավական ուղու» համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։











