Եթե Հայաստանում դատական համակարգը վերջնականապես սերտաճեց գործադիր իշխանության հետ, դա նշանակում է, որ մենք արդեն հատել ենք բռնապետության ճանապարհը, մենք ավտորիտար պետություն ենք։ Այս մասին NEWS.am-ի TALK TIME հաղորդաշարի եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Պատգամավորի կարծիքով՝ դա կհանգեցնի նրան, որ Հայաստանում բռնաճնշումների մեխանիզմը կգործարկվի ամբողջ ուժով ՝ առանց որեւէ սահմանափակման։
«Եւ այս դեպքում այդ ռեպրեսիվ մեխանիզմը, որը ընդ որում այս երեք տարի շարունակ արդեն գործի է դրված, վերջնականապես աշխատելու է, եւ այդ ժամանակ հանրությունը, քաղաքացիները, ովքեր հանգիստ հետեւում են, թե ինչ է տեղի ունենում, թե ինչպես է ոտնահարվում ժողովրդավարությունը, թե ինչպես է դատական համակարգը այս պրոցեսում դառնում իշխանությանը կից, այդ քաղաքացիները հենց իրենք իրենց վրա են զգալու դրա բացասական հետեւանքները։ Ի՞նչ է բռնաետությունը ենթադրում։ Սկզբում դրանք հանրային ակտիվություն ներկայացնող անձանց են վերաբերում, հետո արդեն հասարակ քաղաքացիներին», - նախազգուշացրել է Վարդանյանը։











