ՀՅԴ երիտասարդները շատ հստակ պահանջով իրենց բողոքն էին արտահայտում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին ադրբեջանցի պատվիրակների մասնակցության առիթով։  Ոստիկանությունը բիրտ, կոպիտ և ապօրինի ուժ կիրառեց նրանց, այդ թվում երիտասարդ աղջիկների, անչափահաս պատանու նկատմամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ նրանք  ստացել են վնասվածքներ, վերջում էլ նրանց նկատմամբ հարուցել են քրեական գործ։

«Այս բիրտ ուժի կիրառումը ես պայմանավորում եմ նրանով, որ իրենք ցանկանում են կրկին դուր գալ Ալիևին ու Էրդողանին»,-շեշտեց Ի.Սաղաթելյանը։

Ըստ նրա, տրամաբանական էր ու շատ նորմալ, որ ինքնասիրություն ու արժանապատվություն ունեցող հայ երիտասարդները իրենց վրդովմունքն էին արտահայտում. «Երբ այսօր Ադրբեջանում գերիներ ունենք, անհետ կորածներ, զոհեր, հայրենիքի կորուստ, ու այդ իրավիճակում ադրբեջանցի պատգամավորները գան, հանգիստ վայելեն, ու այդ ընթանքում էլ հայտարարեն, որ Արցախի հարցը փակված է»։

«Կարծում եմ՝ մեր բոլորիս արձագանքը շատ մեղմ է եղել այս օրերին, պետք է լիներ ավելի կոշտ և ընդգրկուն»,-ասաց նա։

Ի. Սաղաթելյանի խոսքով, ոստիկանությունը շարունակում է իրեն պահել  խայտառակ կերպով, ինչի պարզ վկայությունը երեկվա պահվածքն էր։

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, նա ասաց. «Մենք ուղիղ ասում ենք, որ երկակի ստանդարտներ են շատ հաճախ կիրառվում իրավիճակին իրական գնահատական տալու համար։ Դա կարող ենք ասել և ՏԻՄ ընտրությունների, և դատարանները շրջափակելու, դատավորի նկատմամբ գործողությունների, քաղբանտարկյալների դեպքում։ Այս ամենի հետ կապված պատշաճ ու ամբողջական արձագանք չունենք»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 22-ին Հանրապետության հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մի խումբ անդամներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցի կապակցությամբ․ նրանք Երեւան են ժամանել եւ մասնակցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովի՝ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած նիստերին։ Ոստիկանությունը 25 երիտասարդի ուժով բերման էին ենթարկել։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ բերման ենթարկված աղջիկներից մեկի ձեռքը վնասված է եղել՝ շտապօգնության բժիշկները նրան ոստիկանական բաժանմունքից հիվանդանոց են տեղափոխել, որտեղ պարզվել է, որ նրա ձեռքը կոտրվել է՝ կա՛մ բերման ենթարկելու պահին, կա՛մ ոստիկանական բաժանմունքում։

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը, որին ոստիկանները եւս բերման էին ենթարկել, եւս դուրս է եկել ոստիկանական բաժանմունքից։ Նա հանցագործության մասին հաղորդում է տվել առ այն, որ մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ իրենց ապօրինի կերպով բերման են ենթարկել՝ չնայած այն հանգամանքին, որ լրագրողական տարբերանշանն իր վրա փակցված է եղել։

Բերման ենթարկված երիտասարդների դեմ խուլիգանության հոդվածով քրգործ է հարուցվել, աղջիկներից մեկի թեւը կոտրվել է․ փաստաբան