Երեւանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 24-ին, քաղաքապետարանի առջեւ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով այգու ժամանակավոր Արեւիկ Մկրտչյանի հեռացումը։
Ցուցարարների խոսքով՝ այգու աշխատակազմի սխալ ղեկավարման հետեւանքով կենդանիները սպանդի են ենթարկվում։
«Յագուարի անկումից հետո բազմաթիվ թռչուններ են սատկել։ Սատկել է մուֆլոն։ Տնօրենը պետք է արագ հեռացվի պաշտոնից, որովհետեւ այս ամենը շատ վտանգավոր հետեւանքներ է ունենալու։ Այգում այսօր պատահական մարդիկ են աշխատում, ինչը կարող է վտանգավոր լինել նաեւ հենց իրենց համար, որովհետեւ գիշատիչների հետ են աշխատում»,- լրագրողների հետ զրույցում ասաց այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը։
Ակցիային մասնակցում էր նաեւ կենդանաբանական այգում թռչունների բաժնի արդեն նախկին ավագ խնամող Գարեգին Խլղաթյանը, որը երկու օր առաջ ազատվել աշխատանքից։ Իր հեռացումն այգու նախկին աշխատակիցն անօրինական է համարում։
«Դեկտեմբերից սկսած թռչունները միս չեն կերել, կերել են միայն աղացած գարի։ Ես բազմիցս բարձրաձայնել եմ, որ կենդանիները սոված են, կեր չունեն, իրենց դա դուր չէր գալիս։ Երկու օր առաջ էլ ինձ ասացին՝ ազատման դիմում գրիր, ասացի՝ չեմ ազատվի, միանգամից երկու նկատողություն տվեցին, ասացին՝ դու ազատված ես։ Դրանից առաջ ամբողջ այգում միայն ինձ են տուբերկոլոզի համար ստուգման տանում, մի քանի օր բացակայեցի, երկուշաբթի գնացի, ասացին՝ ջայլամը սատկել է, դու ես մեղավոր, որ քար է կուլ տվել»,- պատմեց Խլղաթյանը։
Քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենդանաբանական այգին իրենց ուշադրության կենտրոնում է։
Նրա խոսքով՝ արդեն տասը օր է, ինչ քաղաքապետարանի աուդիտն ուսումնասիրություններ է կատարում։
«Աուդիտի եզրակացությունից հետո մենք հարցի շուրջ հայտարարություն կանենք։ Այգում ունենք կա խորքային փոփոխությունների կարիք բոլոր առումներով։ Քաղաքապետի փոփոխությունից հետո մենք մեր բոլոր համայնքապատկան կառույցների նկատմամբ մեր ուշադրությունը շատացրել ենք»,- ընդգծեց Լեւոն Հովհաննիսյանը։











