Խորհրդրանական երկու ընդդիմադիր խմբակցությունները, հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, պաշտոնական այցով կմեկնեն Արցախ: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների գործընթացը Հայաստանի համար լի է վտանգներով, և հնարավոր հետեւանքները կանխելու նպատակով խորհրդարանական ընդդիմությունը մի քանի քայլեր կձեռնարկի:
«Մենք պահանջել ենք Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հրատապ նիստ գումարել: Այս խորհրդարանական հանձնաժողովը ստեղծման օրից ի վեր նիստ չի գումարել»,- նշեց նա։
Սաղաթելյանը նշեց նաեւ, որ ընդդիմությունը հանդես է եկել Արցախի թեմայով ԱԺ քառօրյայում արտահերթ նիստ գումարելու առաջարկությամբ: Նիստի ընթացքում փոխվարչապետը եւ արտաքին գործերի նախարարը հաշվետվության պետք է տան իրականացվող գործողությունների վերաբերյալ:
«Ազգային ժողովում մենք հանդես ենք եկել նաեւ այլ առաջարկությամբ՝ տնտեսական հանձնաժողովում պատրաստվում ենք գումարել պարենային անվտանգության նիստ, որտեղ կքննարկվեն համապատասխան խնդիրները»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ աշխատանքներ են ընթանում նաեւ տարբեր միջազգային կառույցների, գործընկերների, դեսպանատների հետ՝ փորձելով ստեղծված իրավիճակն ամբողջությամբ ներկայացնել իրենց՝ պահանջելով համապատասխան արձագանք:
Իշխան Սաղաթելյանը նշեց նաեւ, որ կազմակերպվելու են խորհրդարանական լսումներ, որոնց կմասնակցեն նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների փորձագետներ:
Լսումներ կանցկացվեն նաեւ հայ-թուրքական ներկայիս հարաբերությունների մասով, որը, ըստ Սաղաթելյանի, վկայում է սպասվելիք նոր փաստաթղթի մասին:
«Եթե փաստաթուղթ չի քննարկվում, ապա այդ հանդիպումների ընթացքում ինչի՞ց են խոսում: Եթե խոսքը զուտ դիվանագիտական հարաբերությունների մասին է, ապա ընդամենը պետք է նոտա, որ երկու պետությունները հաստատում են դիվանագիտական հարաբերություններ, փոխանակում են դեսպաններ եւ հարցն ավարտվում է: Իսկ այս գործընթացի ձգձգումը նշանակում է, որ կա գործընթաց, փաստաթուղթ, որը ժողովրդի թիկունքում մշակվում է, եւ մի օր փաստի առջեւ են կանգնեցնելու մեզ բոլորիս»,- ասաց Սաղաթելյանը:











