Դաշնակցությունը քննարկումներ ու բանակցություններ է վարում Հայաստանի այլ ուժերի հետ՝ գործող իշխանության դեմ դիմադրության շարժում կազմակերպելու համար։ Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Դաշնակցությունը ժողով է անցկացրել: Սետղծված իրավիճակից ելքը, ըստ փոխխոսնակի, հենց ժողովրդական դիմադրության կազմակերպման մեջ է։ «Առճակատումը գնալու է երկու ճակատով՝ արտաքին՝ արտաքին հակառակորդների դեմ եւ ներքին՝ երկրի եւ ժողովրդի շահերին չծառայող գործող իշխանության դեմ։ Ներկայիս ղեկավարությունը չի կատարում իր հիմնական խնդիրը, այն է՝ պետության տարածքային ամբողջականության պաշտպանությունը»,- նշեց ընդդիմադիրը։

Նա կրկին վստահեցրեց, որ շարժման նախաձեռնողները ձգտելու են համահայկական դիմադրություն ձեւավորել։ Օրինակ՝ փորձ է արվելու ներգրավել հայկական սփյուռքի կառույցները։ Կազմակերպչական հարցերի հետ կապված այլ մանրամասներ քաղաքական գործիչը չհայտնեց։ «Այժմ քննարկումներ են ընթանում ընդդիմության գործողությունների հետագա մարտավարության հետ կապված»,- եզրափակեց Սաղաթելյանը։