Արարատի մարզի Գոռավան համայնքի վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար  Դավիթ Ավետիսյանը կիրակի օրով գյուղապետերանի բաց լինելը բացատրեց նրանով, որ ընտրատեղամասում գտնվողների համար սուրճ, թեյ են պատրաստում, ուղարկում, նաեւ զուգարանից են օգտվում ընտրատեղամասում գտնվողները:

«Այնտեղ պայմաններ չունենք, շատ ցուրտ է ներսում, թեյ ենք տալիս, միայն դրա համար ենք գյուղապետերանը բացել»,-ասաց նա:

Դավիթ Ավետիսյանը նշեց, որ իրենց գյուղում երբեք խնդիր չի եղել, հիմա էլ սուբվենցիոն ծրագրերով ամեն ինչ իրականացվում է:

Հարցին, թե կադրային ջարդ արել է իր նշանակվելուց հետո, ասաց որ չի արել, միան նրանք, ովքեր օրենքի պահանջով պետք է փոխվեն:

Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: