Ծովագյուղցիների հիմնական դժգոհությունն այն է, որ դեռ 017 թվականից կար փնջային տարբերակ, որով Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքներն էին միավորվում. Սակայն 2021-ի աշնանը որոշվեց, որ կգնանք խոշորացման ավելի մեծ փուլի: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Իրենց պարագայում որոշվեց, որ այդ բնակավայրերը կլինեն Սեւան խոշորացված համայնքի մի մաս: Իրենք չեն մասնակցել խոշորացված համայնքի ընտրություններին՝ իրենց բողոքի ձայնը դրանով բարձրացնելով, բայց այն հիմնավորումը, թե իրենց ֆինանսները կարող է այլ տեղ ծախսվել, դրա համար համաձայն չեն, դա թյուր կարծիք է, այդպես չի: Փորձը ցույց է տալիս, որ ֆինանսական միջոցներն ավելանում են խոշորացման գործընթացի արդյունքում:
Անձամբ իրենց հետ չեմ հանդիպել, որովհետեւ գտնում եմ՝ այդ մեթոդով չնք կարող իրավական հարցեր քննարկել: Պատրաստ եմ եղել որեւէ խմբի հետ հանդիպման»,-ասաց Սանոսյանը:
Դիտարկմանը, որ Ծովագյուղ գնալու փոխարեն գնացել է Վեդի համայնք, որտեղ ընտրություններ էին տեղի ունենում, նախարարն ասաց. «Ծովագյուղ չգնալը կապ չունի Վեդի գնալու հետ: Եթե որոշեի Ծովագյուղ գնալ, հանդիպել, Վեդի կարող է չգնայի, կարող է ԱԺ չգայի: Եթե մի տեղ չեմ գնացել, դա չի նշանակում՝ ոչ մի տեղ այլեւս չգնամ: Կարծել ենք, որ այդ ֆորմատով ծովագյուղիցների հետ հանդիպումը բան չի տա: Մարզն ունի ղեկավար, նա ներկայացել է, խոսել է: Էդ քանի՞ դեպք եք հիշում, որ ճանապարհ է փակվել ու նախարարները գնացել են: Միշտ էլ ճանապարհ փակվելուց գնում է համայնքի ղեկավարը, մարզպետը: Հարցը էդպես մնում է, հարցի կարգավորման նպատակահարմարությունը կառավարությունը չի տեսնում այն տարբերակով, ինչպես իրենք են պատկերացնում: Խոշորացման մեթոդը չի կարող փոխվել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեռեւս ամրտի 23-ին, Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակել են Երեւան– Սեւան մայրուղին եւ հանդիպում են պահանջում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։ Նրանք դեմ են խոշորացման կիրառված տարբերակին:











