Ես ուզում եմ ասել, թե այս իշխանության անունը լսելիս աչքիս դեմն ինչ պատկերներ են գալիս. Օրինակ, այն, որ այս մարդիկ իրենց գործիքակազմ էին ընտրել իշխանությունը դագաղներով, ծաղկեպսակներով եւ կենդանի մարդկանց թաղումները ուրախ երաժշտությամբ կազմակերպելով: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Այդ ժամանակվա իշխանական պատգամավորներին եւ իրենց հետ այլակարծություն ունեցող անձանց հեռախոսահամարները հրապարակել, իրենց զանգել, ահաբեկել, իրենց անչափահաս երեխաների դպրոցներ գնալ, դասերից դուրս հրավիրել, դասարաններում անհանդուրժողականության միջավայր ու մթնոլորտ ստեղծել: Սա այն ամեն ինչն է, որ իմ աչքի դեմը գալիս է այս իշխանության անունը լսելիս:
Մարդիկ նաեւ ասացին, որ նախկին Հայաստանում ոչինչ չկա հիշելու: Փաստորեն, այո, հաղթանակած Հայաստանից էս մարդկանց համար հիշելու ոչինչ չկա, որովհետեւ երեւի ամեն անգամ ցավ են ապրում այդ հաղթանակները հիշելուց»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքին՝ նշելով. «Բայց այս ամենը մի կողմ, պարոն Մուկուչյանն ասում էր, որ ամեն անգամ եղել են ընտրական օրենսգրքի բարելավումներ, իշխանական պատգամավորներն ասում են՝ դա էդքան էլ այդպես չի, թղթաբանությունն եք ավելացրել, ով ասաց, որ ընտրական պրոցեսների նկատմամբ վստահությունն ավելացել է եւ այլն: Այսինքն մի կողմից ունենք ԿԸՀ, որն ասում է՝ ամեն անգամ ընտրությունները ՀՀ-ում ավելի լավ են կազմակերպվել, եւ ունենք իշխանություն, որն ասում է՝ ոչ, ոչ մի տարի ընտրությունները լավը չեն եղել:
Ինչ վերաբերում է պարոն Մուկուչյանի գործունեության ներկայացմանը, կարծում եմ՝ մեր գնահատականն արդեն ավելորդ է, որովհետեւ այստեղ նստած իշխանական պատգամավորները գնահատեցին այդ ամեն ինչը: Թե հիմա այս հակասության տակից իրենք ոնց են դուրս գալու, դա էլ թույլ տվեք թողնենք իրենց գործունեությանը»:











