Հայաստանի համար կրիտիկական փոփոխությունները կարող են սկսվել կամ վերնախավից կամ իշխանության ներսից եւ դրսից։ Այս մասին NEWS.am-ի TALK TIME հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նա նկատեց, որ հայ հասարակության մեջ ապատիա է տիրում թե՛ անվտանգության, թե՛ սոցիալ-տնտեսական խնդիրների հարցում։

Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր չէ գտնել ողջ ժողովրդի համար ընդհանուր ազգային գաղափար։

«Ընդդիմությունը պետք է արձագանքի ընթացիկ գործընթացներին։ Որոշ ուժեր վերջին օրերին հենց դա են անում՝ փորձելով գտնել այն կոճակը, որը կազդի ժողովրդի տրամադրության վրա։

Հայաստանը պատերազմից հետո արտաքին վերահսկողության տակ է գտնվում։ Խոսքը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Թուրքիայի ու Ադրբեջանի մասին է։ Հայաստանի թշնամիների օրակարգը հաճախ համընկնում է երկրի իշխանության օրակարգի հետ։ Ընդդիմության մի մասը չի ձերբազատվել կաշկանդվածությունից, եւ այժմ արտաքին երաշխիքների կարիք ունի»,- ընդգծեց Հակոբյանը։