Տարբեր լուրեր են շրջանառվում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից ելնելով հայկական կողմը քննարկում է ավելի պասիվ լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:
«Չեմ ուզում հավատալ, որ որեւէ կառավարություն որեւէ ժամանակ այդ հարցը կարող է օրակարգից հանել կամ այլ նշաձողով, կամ այլ տարբերակով քննարկել: Այսօր ոչ թե ողբալու օր է, այլ գալիս ենք հարգանքի տուրք մատուցելու 1,5 մլն զոհերի հիշատակին, նաեւ հիշատակում ենք արցախյան պատերազմի զոհերին: Դա մեզ էլ ավելի ուժ պետք է տա, որ մենք պայքարենք, ամրանանք եւ նորից լինենք հաղթող ժողովուրդ»,-ասաց նա:
Անդրադառնլով խաղաղության դարաշրջան բացելու թեմային, Թարվերդյանն ասաց. «Անձամբ մենք միշտ Ադրբեջանին եւ Թուրքիային համարել ենք մեզ թնշամի պետություններ: Միաժամանակ ասել ենք, որ պետք չի խուսափել քննարկումներից կամ բանակցություններից: Խաղաղության դարաշրջան միշտ էլ անհրաժեշտ է բոլոր ազգերի համար, սակայն պատերազմից խուսափելը եւ զիջումներով խաղաղության գնալը չպետք է լինի սկզբունք: Պետք է մենք ինչ-որ տեղ պարտադրենք խաղաղություն: Հայկական դիվանագիտությունը պետք է այնգան գիտակից ու խելացի լինի, որ գոնե այս հարթակում պարտություն չկրի»:
Նա հավելեց, որ կեր ժողովրդի նպատակը պետք է լինի պատմական հողերի վերականգնումը. «Մենք պետք է ունենանք ազգային ծրագիր՝ դրան հասնելու: Այսօր Արցախի ժողովուրդն ունի անկախ ինքնորոշման իրավունք, նրանք պետք է որոշեն իրենց ապագան: Մենք պետք է պաշտպանենք նրանց որոշումները»:











