«Դիմադրություն» շարժման մասնակիցները ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ երթով շրջում են Երեւանի փակված փողոցներով։ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։
Վաղ առավոտից Երևանում սկսվել է զանգվածային բողոքի ակցիաներ, այս պահին արդեն Երևանի մի շարք փողոցներ փակ են. «Մեր քաղաքացիները տարբեր փողոցներ, խաչմերուկներ վերցրել են շրջափակման տակ, կասեցրել են երթևեկությունը։ Հիմա Ֆրանսիայի հրապարակից տարբեր խմբեր շարժվում են տարբեր ուղղություններով՝ ամբողջ Կենտրոնը պարալիզացնելու։ Մեր առջև դրված խնդիրն է՝ ցույց տալ գործող իշխանությանը, որ այլևս իրավիճակին չեն տիրապետում, ՀՀ քաղաքացիները դուրս են եկել փողոց, հայտնում են իրենց բողոքը, դժգոհությունը և պահանջում Նիկոլի հրաժարականը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա մեկ անգամ ևս կոչ արեց դուրս գալ փողոց, կանգնել մեր հայրենակիցների կողքին, թույլ չտալ, որ ոստիկանական ուժերը ճնշեն մեր ժողովրդի ցասումը, միասնաբար տեր կանգնել մեր երկրին, Արցախին, մեր հայրենիքին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ:
Մայիսի 1-ի երեկոյան հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։
Նշենք նաև, որ երեկ առավոտից բողոքի ակցիաների կարգավորման համար ոստիկանությունը առանձնակի բիրտ ուժ է կիրառել. ՊՊԾ գնդի հրամանատարը ոտքով հարվածել է լրագրողին, մեկ այլ լրագրողի ինքնազգացողությունն է վատացել հրմշտոցի ընթացքում, հրապարակված կադրերում երևում են նաև ոստիկանների կողմից ցուցարարների ծեծի դեպքեր: Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ է բերման ենթարկվել շուրջ 250 անձ, եղել են ԱԺ պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր:











