Այսօր առավոտից մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաներին արդեն քաղաքացիներն ինքնաբուխ կերպով են միանում:

Այս պահին Մանկավարժական համալսարանի դիմաց Խանջյան փողոցի գետնանցումի հարակից տարածքը քաղաքացիները փակել են իրենց մեքենաներով ու միացել անհնազանդության ակցիաներին:

Փակ է նաև Ոստիկանության դիմաց Հերացի փողոցում գտնվող գետնանցումի հատվածը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչև ժամը 14։00-ն։  Այնուհետև ժամը 15․30-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։