Ընդդիմությունը չարաչար սխալվում է, երբ սկսում է ինչ-որ գործընթացներ՝ հաշվի չառնելով ժողովրդի կամքը։ Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը չորս տարվա ընթացքում կրկնում է նույն բանը, իբր, իշխանությունները չեն կարողանում լուծել Ղարաբաղի հարցը։ «Նրանք 2020թ. նոյեմբերի 9-ից հետո էլ բարձրացրել են այդ հարցը։ Բայց գնահատականը, թե ով եւ ինչ կարող է անել, տալիս է հանրությունը, որը երկու անգամ ընտրությունների ճանապարհով տվել է այդ գնահատականը։ Երբ մի քաղաքական ուժ ընտրություններում ընտրողների ձայների 20 տոկոսն է հավաքում, իսկ մյուսը՝ 54, ապա առաջին ուժը ընդունում է երկրորդի հաղթանակը։ Սա է ժողովրդավարության տրամաբանությունը»,- ավելացրել է պաշտոնյան։











