Մյասնիկյան պողոտայից Քաղաքացիները աղբամանով եւ մետաղյա թիթեղներով փակել են Մյասնիկյան պողոտան: Այստեղ ժամանեցին կարմիր բերետավորները եւ սկսեցին բերման ենթարկել ճանապարհը փակած երիտասարդներին: Նրանք ագրեսիվ կերպով հարձակվեցին եւ գետնին տապալեցին երիտասարդներին, որոնցից մեկը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին էր:

Ոստիկաններից մեկը հանեց ձեռնաշղթաները եւ փորձեն այն անցկացնել երիտասարդի ձեռքերին:

Ոստիկանները բացեցին պողոտան:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։