Մայիսի 8-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի և ձեռքի ծակած-կտրած վերքերով մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզեցին, որ տղամարդը Դողս գյուղի բնակիչ է և, ըստ նախնական տվյալների, գյուղում էլ դանակահարվել է:

Դողսում օպերատիվ հարցումներ իրականացվեցին: Վաղարշապատի քրեական հետախույզների և հետաքննիչների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց հետևյալը։ Մայիսի 8-ին, ժամը 16-ի սահմաններում, գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ տուժողը ծեծել էր 27-ամյա համագյուղացուն: Ժամը 20-ի սահմաններում կրկին հանդիպել էին, ու այս անգամ վեճն ավարտվել էր դանակահարությամբ։

Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քննությունը շարունակվում է: