ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի բնակարանում իրականացված խուզարկության արդյունքում իրավապահները ոչինչ չեն գտել։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ գործընթացն իր նկատմամբ քաղաքական հետապնդում է։
«ես չեմ համակերպվում նվաստացած դրոշի հետ։ Իմ պայքարը շարունակվելու է մինչեւ չհեռացնենք այդ խելագարին։ Նիկոլի հերթական շոուն էր, էս ձեւի բաներով մեզ չեն կարող վախեցնել, ուղղակի ընտանիքի անդամները, փոքր երեխաներն էին մի քիչ վախեցել։ Շոու էին կազմակերպել իբր հանցագործ են հայտնաբերել, բայց ցույց տվեց, որ ոչ մի բան չկա»,- նշեց նա։
Այն դիտարկումներին, որ վերջին օրերին պարբերաբար իրականացվող խուզարկություններ ուղղված է ՀՅԴ-ի դեմ, Սուրեն Մանուկյանն արձագանքեց. «Այս պահին քրեական գործով հիմնականում անցնում են դաշնակցականները։ Դա հիմք է տալիս տրամաբանելու, որ միտված է կոնկրետ ՀՅԴ-ին, որովհետեւ ՀՅԴ-ն ազգային կուսակցություն եւ ՀՅԴ բոլոր անդամները, նաեւ մեր հայրենասերների մի որոշ հատված պայքարում է, որպեսզի ունենանք հզոր Հայաստան»։
Հիշեցնենք, որ Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները խուզարկություն էին իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի բնակարանում։ Այդ պահին բնակարանում էին գտնվում նաեւ Մանուկյանի մանկահասակ երեխաները, կինը, ինչպես նաեւ՝ տարեց մայրը։











