Ես հենց նոր մուտք արեցի երեկ գիշերը ինքնակամ ներկայանալուց հետո Էմմա Սարգսյանի ձերբակալման դեմ բողոքը: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Ժամաը 5-ին նոր ես վերադարձել եմ, Էմմա Սարգսյանն ուղեկցվել է ձերբակալվածների պահման վայր: Առավոտյան հասցրեցի կազմել բողոքը, բերել ներկայացնել Աջափնյակի դատարան: Շատ զանգեր եմ ստացել, առավոտյան զանգել էր Էմմա Սարգսյանի 14-ամյա դուստրը, որը հայտնվել է, մեղմ ասած, անորոշության մեջ: Էմմա Սարգսյանը միայնակ մայր է, հիմա նրան ձերբակալել են, մի քանի ժամով դստերը հեռու ազգականների մոտ էր թողել: Առավոտյան զանգում է հուզված, լացող երեխա եւ հարցնում մայրիկից:

Այս գործի մասին ինքս ոչ մի բան չեմ ասի, բացեք այն ձայնագրությունը, որ մի քանի օր առաջ իշխանական մամուլում հայտնվեց, լսեք ու տեսեք, թե ով ինչ է անում, ով է սադրում, ով է ինչ ուզում, եւ արդյունքում ինչ է ստացվում: Ով է առաջինը խոսում փողի մասին: Ձեր կարծիքը կազմեք, թե ինչերի՞ են ունակ այս իշխանությունները մարդկանց շեղելու լրջագույնս հանցագործություններից»,-ասաց Մելիքյանը:

«Նյութապես շահագրգռելու ձեւով հավաքներին մասնակից դարձնելը», այսպիսի հանցակազմ են նախատեսել ՔՊ-ականները եւ փորձում են դրանով մարդկանց դատել»,-հավելեց նա՝ նշելով, որ հիմա շտապում է քննչական կոմիտեի ԵՌրեւանի վարչություն՝ քննչական գործողությունների կատարմանը մասնակից լինելու:

Ավելի վաղ Ռուբեն Մելիքյանը գրառում էր արել՝ նշելով. «Չգիտես՝ ում կողմից կատարված, չգիտես՝ ինչպես համացանցում հայտնված ձայնագրությունը ուղեկցվում էր քաղաքացի Էմմա Սարգսյանի լուսանկարով։ Հիշեցնեմ, որ այդ ձայնագրության հիման վրա ժամեր առաջ ձերբակալվել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը։ Հաշվի առնելով Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունում նշված ձայնագրության վկայակոչումը՝ քաղաքացի Էմմա Սարգսյանի հետ ինքնակամ ներկայացել ենք ՔԿ Երևանի վարչություն»։

Ընդդիմության հավաքների գործով միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է միայնակ․ Ռուբեն Մելիքյան