Ապրիլի 10-ին ոստիկանության Իջևանի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ Իջևան քաղաքի «Այապի բաղ» տարածքում անհայտ անձը կրակել էր իր երկու գոմեշներին, ապա մորթել՝ տեղում թողնելով գլուխներն ու փորոտիքը։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողին պատճառվել էր մոտ մեկ միլիոն դրամի վնաս: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Իջևանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 11-ին բաժին բերման ենթարկվեցին 4 տղամարդ։ Նրանք տվեցին խոստովանական բացատրություն։ Պարզվել է, որ կենդանիներին մորթելուց հետո բերման ենթարկվածներից երկուսը միսն իրացրել էին մայրաքաղաքի մսամթերքի շուկաներից մեկում։
Այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։











