Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանների եւ «Դիմադրության» շարժման մասնակիցների բախումների ժամանակ մի քանի անգամ հարվածել են նաեւ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանին, սակայն նրան բերման չեն ենթարկել: Այս մասին նա ասաց ոստիկանության Էրեբունի բաժնի մոտ, որտեղ եկել էր աջակցելու բերման ենթարկվածներին:
Նա նշեց, որ իր հագուստի վրայի արյունը այլ քաղաքացիների արյուն է. «Երբ բիրտ ուժ էին կիրառում, ես ասում էի՝ եղբայր վատ եմ, ինքն արմունկով սրտի հատվածում ավելի ուժեղ էր սեղմում: Իրենք առաջին բախման ժամանակ ինադու այնպես էին անում, որ ժողովուրդը մտնել կառավարության շենք: Իրենք հրում էին: Սա նման է նրան, որ կապիտուլյացիայի օրը ոստիկանությունը կողմ քաշվեց, բարկացած ժողովուրդը եկան մտան: Ես նկատեցի, թե ոնց էր կարմիրբերետավորների կամբատը հարվածում Աշոտ Անդրեասյանին: Եվ մի աղջիկ կար, Տաթեւ Արցախ են ասում, իմ աչքի առաջ 7 հոգի կարմիրբերետավոր գցել էին գետնին ու քարշ էին տալիս, ու հարվածում էին: Ոստիկանությունը այլասերված հայհոյանքներ էր տալիս: Ինչո՞վ են իրենք թուրքից տարբերվում, երբ տեսնում էի, որ 15-20 հոգով 25 տարեկան աղջկան գցել էին ու քարշ էին տալիս»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 30–ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 3–րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ «Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց է սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման են ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։ Ոստիկանները բիրտ ուժ են գործադրել նաեւ պատգամավորների, անչափահասների նկատմամբ։











