Փաշինյանը սարսափած էր, որ իր թիմի որոշ անդամներ չեն ունենա էն լկտիությունը, էն հակահայկականությունը, որպեսզի կամերայի առաջ ընդունեն, որ իրենք կողմ են Հայաստանի թրքացմանը, դրա համար միակ լուծումն էդ շփումը թույլ չտալն էր։ Այս մասին այսօր՝ մայիսի 30–ին, Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Կառավարության 3–րդ մասնաշենքում աշխատող չորս նախարարների՝ ընդդիմադիր պատգամավորների հետ չհանդիպելու փաստին»
«Արձանագրենք, որ ինքը նույնիսկ իր նեղ քաղաքական թիմի վրա վստահ չի»,– ընդգծեց Մամիջանյանը։
Ընդդիամադիր պատգամավորը քաղաքացիներին կոչ արեց իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից հետաքրքրվել՝ ցանկանո՞ւմ են Հայաստանն ապագա ունենա, Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, թե՝ ոչ։
Մամիջանյանն անդրադարձավ նաեւ այսօր ոստիկանների կողմից գործադրված բիրտ ուժի դեպքերին.
«Էն հատուկջոկատայինը, որն անմեղ կանգնած քաղաքացուն, որը որեւէ գործողություն չէր իրականացնում, վերցրեց ու հարվածեց բետոնին, ինքը որ գնա տուն, իր երեխային ու նրա մորն ի՞նչ է ասելու, որ գործի՞ է գնացել, իսկ էն ոստիկանները, որոնք ձեռնաշղթաներ հագցված երիտասարդին ծեծել են, տանն ի՞նչ են ասելու, հացն ուտվելո՞ւ է»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 30–ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 3–րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ «Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց է սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման են ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։ Ոստիկանները բիրտ ուժ են գործադրել նաեւ պատգամավորների, անչափահասների նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։











