ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն աընդունելի է համարում ի պաշտոնե ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

«Ես նման հայտարարություն անելու իրավունք չունեմ, որովհետեւ բանակցային պրոցես է հիմա, իսկ բանակցային պրոցեսի ժամանակ նման հայտարարություն անելը նշանակում է փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ այդ գործընթացը։ Ընդդիմությունը նման հարցադրում անելու բազմաթիվ հնարավորություններ ունի՝ առանց շոուներ կազմակերպելու, այս դահլիճում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հնարավորություն ունի նաեւ գրավոր հարցում անել։ Նմանատիպ գործողություններով նրանք փորձում են գործընթացի իմիտացիա ստեղծել»,– խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահն՝ անդրադառնալով հարցին, թե համաձա՞յ ն է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Դիտարկմանը, թե խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարով է ցանկանում իշխանափոխություն անել, ԱԺ նախագահն արձագանքեց.

«Բա ինչի՞ մանդատները վայր չեն դնում, որ դուրս են եկել փողոց։ Ժողովուրդն իրենց մանդատ է տվել, որ իրենք փողոցում մնա՞ն։ Իրենք իրենց թույլ են տալիս ասել, որ վարչապետն ու իշխանությունը իրենց լեգիտիմությունը կորցրել են,  բայց ակնհայտ է, որ լեգիտիմության խնդիր այսօր իրենք ունեն, որովհետեւ էդ 21 տոկոսը, որ իրենց ձայն է տվել, էսօր դրա նույնիսկ 2%-ը չի աջակցում, սա վերածվել է մարդկանց նյարդայնացնելու, խցանումներ ստեղծելու ինչ–որ մանյայի եւ իրենք գտնվում են շատ ծանր կացության մեջ, այլ կերպ ասած ՝ իրենք մնացել են իրենց պրիոմի տակ»։

Ընդդիմության կողմից հունիսի 3–ին հրավիրված ԱԺ նիստը ըստ ԱԺ նախագահի՝ իրավիճակից ելք գտնելու փորձ է։

«Էն որ Իշխան Սաղաթելյանն ամեն անգամ բեմից ասում է՝ «ժամանակն է, ժամանակն է, 72 ժամ, հո 72 ժամը պատահական չեմ ասում, մի քիչ էլ մնացեք»։ Իրենք չեն հասկանում, որ էդ բառերով իրենց մատնում են, տուպիկի առաջ են կանգնած, եւ փորձում են տուպիկից դուրս գալ։ Դա կեղծ գործընթաց է, որը միտված է ընդդիմության երեսը փրկելու, որպեսզի իրենք էն որ հայտարարել էին՝ թոր դուրս են գալիս փողոց ու հետ չեն վերադառնալու, այդ իրավիճակից դուրս գան»,– ասաց ԱԺ նախագահը։