ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, որոնք քիչ առաջ մտել էին ԵՊՀ շենք, հանդիպելու ռեկտորի պաշտոնակատարին եւ մյուս ղեկավարներին, ձեռնունայն դուրս եկան:

Նախ, սկզբում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի մամուլի խոսնակը ընդդիմադիր պատգամավորներին հայտնեց, որ ռեկտորը ինչ-որ հանդիպման է եւ առաջարկել է վաղը ցանկացած ժամի հանդիպել:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը ներսում է, դուռը փակել է ներսից, դուրս չի գալիս. «Պետք է Նիկոլ  Փաշինյանին փոխանցել, որ իր թիմի անդամները հրաժարվում են իր հետ կիսել պատասխանատվությունը, դադարեցնում են իրենց հետ համագործակցությունը, չեն կարողանում մարդկանց աչքերին նայելով ստանձնել ստանձնած քաղաքականության պատասխանատվությունը»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Նույն խմբակցությունից Աննա Գրիգորյանն էլ հիշեցրեց, որ երբ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ վախեցաք, փախա՞ք: «Տղերք, հիմա դուք վախեցաք, փակվեցի՞ք: Նախարարներ, 2 օր է ձեզ ենք փնտրում, վախեցաք, փախա՞ք, ո՞ւր եք: Հայաստանում կա՞ մեկը, որ պատկան մարմնի ղեկավար է կամ ռեկտոր է, ի վիճակի՞ է դուրս գալ ու ԱԺ պատգամավորների հարցադրումներին պատասխանի: Եթե նման մարդ կա, թող հայտնվի, թե չէ, Նիկոլ, դու էլ, մնացածներն էլ փախած եք, ինչպես պատերազմի ժամանակ եք եղել»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորները այցելեցին նաեւ պրոռեկտորներին, պարզվեց նրանք եւս տեղում չեն:

«Դիմադրության» շարժման երթը ԵՊՀ-ից շարժվեց:

Նշենք, որ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցները երթ են անցկացնում Երեւանի փողոցներում: ԱԳՆ-ի մոտ ընդդիմադիր պատգամավորները ցանկացան հանդիպել նախարարների հետ, սակայն վերջիններս կամ տեղում չէին, կամ խուսափեցին նման հանդիպումից: Ընդդիմադիր պպատգամավորները, մասնավորապես, ցանկանում են հասկանալ, թե այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան, հասարակական գործիչը ինչ դիրքորոշում ունի Արցախի հարցում: Արդյոք համաձայն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, թե ոչ:

Հիշեցնենք, որ ընդդիմության պատրաստած հայտարարության տեքստում նշվում է. «Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով: Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։