Երբ ժամանակը կգա Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու որոշումը կհրապարակվի: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե ում ցանկությամբ կամ որոշումով է դա պայմանավորված:

Հարցին, թե ինչ է անելու, երբ Երեւանի քաղաքապետ դառնա Տիգրան Ավինյանը,  քաղաքապետը պատասխանեց. «Ժամանակը կգա, կտեսնեք՝ ինչ եմ անելու: Այս պահին այդ հարցի պատասխանը չկա, մեկ տարուց ավելի ժամանակ կա դեռ: Երբ ժամանակը գա՝ կիմանաք»:

Իսկ Տիգրան Ավինյան քաղաքապետի հետ կաշխատե՞ք հարցին էլ արձագանքեց. «Ընդհանուր թիմ է աշխատում: Ընդհանուր թիմի աշխատանքի հետ, իհարկե, պատրաստ եմ, որ թիմային աշխատանք պետք է լինի»:

Դիտարկմանը, որ Երևանի վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունները ինչ-որ կերպ կապվում են Տիգրան Ավինյանի անվան հետ, Սարգսյանն ասաց․ «Քաղաքական թիմի հետ են կայացվում այդ որոշումները, չեմ կարող բացառել, որ նրանք մտերիմ հարաբերությունների մեջ են Ավինյանի հետ, ես էլ եմ շատերի հետ մտերիմ հարաբերությունների մեջ։ Մեր երկիրը փոքր է և կարծում եմ բոլորը բոլորին ճանաչում են»,-ասաց նա։

Լրագրողները Սարգսյանին հիշեցրին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությունը, որտեղ նշում էր, թե  ինքը զանգեր է ստացել, որպեսզի Երևանի կենտրոնական հատվածներում տարածքներ տրամադրի բիզնես գործունեություն ծավալելու համար և հարց ուղղեցին՝ ստացե՞լ է արդյոք ինքը նման զանգեր, Սարգսյանը ասաց, որ նման զանգեր չի ստացել։