Մենք դեռ մեկ շաբաթ առաջ ձեւակերպել էինք այն նվազագույն պահանջները, որոնք անհրաժեշտ են, որ Արցախը լինի հայկակակն, Հայաստանը լինի անվտանգ, մենք ունենանք պետականություն, ձեւակերպել էինք այն կարմիր գծերը, որից շեղվող ցանկացած իշխանություն հստակ ուղերձ է հղում ժողովրդին, որ երկիրը տանում է կապիտուլյացիայի: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ ՔՊ-ն տապալեց այդ օրակարգով իրենց հրավիրած արտահերթ նիստը:

«Իշխող ՔՊ-ն հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը: Այս պահին մեր պատգամավորբները ԱԺ-ում են: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն դեռ 4 ժամ ԱԺ նիստը բաց է եւ դեռ հնարավորություն կա, որ իրենք խելքի գան, գան խորհրդարան, որպեսզի տեղի ունենա այդ շատ կարեւոր նիստը»,-ասաց նա;

Անդրադառնալով այսօրվա անելիքին, Սաղաթելյանն ասաց. «Այս պահին ԱԺ-ում մեր պատգամավորները դուրս են եկել, գալիս են հրապարակ: Մինչեւ կհասնեն հրապարակ, այս հրապարակում տեղի կունենա կարճ հանրահավաք, ելույթով հանդես կգան Յուրի Խաչատուրովը, Աշոտ Մինասյանը: Դրանից հետո ձեր պատգամավորները կհասնեն, եւ կորոշենք մեր այսօրվա հետագա անելիքը»:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 16-ին ընդդիմադիր երկու խմբակցությունները արտահերթ նիստ էին հրավիրել «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարություն ընդունելու օրակարգով, սակայն ՔՊ խմբակցության պատգամավորները չներկայացան եւ նիստը չկայացավ:

Ըստ կանոնակարգ օրենքի, եթե 4 ժամվա ընթացքում քվորում ապահովվի, ապա նիստը կկայանա: