1998 թվականն էր։ ՀՀ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հրավիրել էր ռազմական կոլեգիայի անդամներին եւ ինձ՝ կորպուսի հրամանատարիս։ Այս մասին հունիսի 3-ին Երեւանի կենտրոնում Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքին հայտարարեց գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Գեներալ-գնդապետի խոսքով՝ ինքը կորպուսի միակ հրամանատարն էր, ով այդ ժամանակ նաեւ զինվորական կոլեգիայի անդամ էր։ «6 հոգի էինք, այդ թվում՝ նախարարը։ Նա մեզ մի հարց տվեց. «Կո՞ղմ եք, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում։ Ով կողմ է, թող ձեռք բարձարցնի»: 6 հոգուց ոչ ոք ձեռք չբարձրացրեց։ Հետո նա երկրորդ հարցը տվեց՝ «Կո՞ղմ եք, որ Ղարաբաղը անկախանա»։ 6-ն էլ ձեռք բարձրացրին։ Դրանից հետո նա մեզ ասաց. «Հիմա ես գիտեմ ինչ անել», եւ 2 ժամ հետո երկրի նախագահը հրաժարական տվեց։ Ուղիղ 2 ժամ հետո»,- ասաց Խաչատուրովը՝ հավանաբար նկատի ունենալով ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ նրա գլխավորած Կառավարության լուծարման անշրջելիությունը: