Մենք կանգնած ենք ոստիկանների հետ դեմ դիմաց, կարող է ամեն րոպե մեր նյարդերը տեղի տալ եւ բախման գնանք: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Կառավարության դիմաց «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց բժիշկ ազատամարտիկ Տարոն Տոնոյանը:

«Խոսքս ուղղում եմ մեր ոստիկան եղբայրներին. Ես ուշադիր նայում էի իրենց աչքերին, նույն տղերք են, ում ես տեսել եմ ռազմաճակատում: 1994-ի ապրիլին Աշտարակի շրջանի Կոշ գյուղից ռոբերտին բերեցին ծանր վիրավորված, վիրահատեցի, վիրահատության կեսին անեսթեզիոլոգն ասաց՝ արյան կարիք կա: դուրս եմ եկել, արյուն եմ տվել, վերդարձել եմ, որ վիրահատությունը շարունակեմ:

Ես եւս մեկ անգամ հորդորում եմ ձեզ՝ չգնալ բախման, հանկարծ չփորձեք ուժ կիրառել, կդառնանք համայն հայ ժողովրդի թշնամին:

Մենք դառը պարտություն ենք կրել, բայց մենք հնարավորություն ունենք մեր մեջքը շտկելու: Բայց դրա համար պարտություն կրած հրամանատարը չի կարող զորքն առաջնորդել: Մեկ վայրկյան առաջ պետք է պրծնենք Նիկոլից: Այս պայքարը ավարտվելու է միայն մեկ դեպքում, երբ կարողանանք ձեւավորել հայրենանվեր իշխանություն, պրոֆեսիոնալների իշխանություն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են կառավարության շենք եւ շրջափակել կառավարության բոլոր մուտքերը: