Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 31-ին Սարդարապատ գյուղի տներից մեկի հողամասի զննությամբ հայտնաբերեցին մշակումն արգելված կանեփի 52 բույս: Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածն աճեցրել ու մշակել էր՝ հետագայում թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու համար: 55-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին: Մյուս տվյալն իրացվեց հունիսի 2-ին: Զննություն կատարվեց Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկի հողամասում։ Հայտնաբերվեցին կանեփի 193 բույս և մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ:

47-ամյա տանտիրոջ հայտարարության համաձայն՝ կանեփն ինքն էր ցանել, մշակել՝ հետագայում թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու համար: Նա ևս բերման է ենթարկվել։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։