Բոլորովին վերջերս այսպես կոչված միջազգային հանրահայտ կազմակերպությունները, ինչպիսին են թե՛ Freedom House-ը, թե՛ Amnesty International-ը, բնութագրելով իրավական գործընթացները Հայաստանում, նշել են դրանց քաղաքականացվածությունն ու իշխանության միջամտությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում, «Ի՞նչ Հայաստանի համար ենք պայքարում» թեմայով քննարկման ընթացքում ասել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

«Այլ կերպ ասած՝ տերմինը, որը ես օգտագործեցի՝ «քաղաքական հետապնդումները»,  արդեն իսկ արձանագրված են նաեւ նման հարթակներում։ Հետեւաբար, եթե մենք օգտագործում ենք տերմինը, կարելի է ասել, որ մենք ունենք ժողովրդավարությունից այնպիսի նահանջ, որը տանում է դեպի բռնապետություն»,- ասել է նա։

Պատգամավորը նաեւ նշել է, թե ինչով է դա արտահայտվում։

«Սկսած այն պահից, երբ դատական իշխանությունը մեզ մոտ վերածվում է ոչ թե անկախ մարմնի, այլ մարմնի, որը սպասարկում է օրվա իշխանության, գործադիր իշխանության կամքը, մեզ մոտ արձանագրվում է այդպիսի նահանջ ժողովրդավարության տեսանկյունից։ Ասել, որ նախկինում նման խնդիր չկար, ես նման պնդում չեմ անի, որովհետեւ այդ խնդիրը եղել է նաեւ նախկինում։ Մենք եթե դատական համակարգի վերաբերյալ ընդհանուր գնահատական տանք, դա այն է, որ դատական համակարգը զարգացել է էվոլյուցիոն ճանապարհով, բայց բավարար չի զարգացել»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ օրվա իշխանությունն ուներ դատական իշխանության վերջնական կայացման հասնելու հնարավորություն, բայց տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, որոնք ջրբաժան դարձան այդ ճանապարհին։

Մասնավորապես, նա որպես օրինակ բերեց Սահմանադրական դատարանի հետ կապված պատմությունը, որը, ինչպես բավական բաց հայտարարեցին իշխանությունները, իրենց համար վերահսկելի չէ, բայց դա այդպես էլ չհանդուրժեցին։

«Երբ իշխանությունը գիտակցում է, որ դատական համակարգը իր կողմից վերահսկելի չէ եւ դա ընդունում է որպես ձեռքբերում, այդ ժամանակ անցում ես կատարում ժողովրդավարական արժեքների իրական ամրապնդման։ Բայց երբ դու դա արձանագրում ես որպես խնդիր, եւ մի հատ էլ այդ պատճառով նախաձեռնում ես այսպես կոչված փոփոխություններ Սահմանադրությունում, նշանակում ես նոր դատավորներ այսպես կոչված Սահմանադրական դատարանում, դա ցույց է տալիս, որ քեզ համար խնդիրն այն չէ, որպեսզի անկախ դատական համակարգ ունենաս»,- նշել է պատգամավորը։

Հանուն արդարության պետք է ասեմ, որ 2018-ից մինչեւ 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ակնհայտ էր, որ բացառությամբ որոշ ամենաաղմկահարույց գործերի, որտեղ միայն քաղաքական բաղադրիչն էր, այլ ոչ իրավականը, փաստաբանական համայնքը, որի ներկայացուցիչը եղել եմ նաեւ ես, բավական դրական դինամիկա տեսնում էր դատական համակարգում, որովհետեւ իսկապես այդ ազդակները տրվում էին դեպի դատական համակարգի անկախություն։ Բայց դրանք բոլորը վերացվեցին հատկապես նոյեմբերի 9-ից հետո, որովհետեւ նոյեմբերի 9-ը մեզ համար հիշվելու է ոչ թե որպես ամենածար, ամենաողբերգական օրերից մեկը, պարտության օրերից մեկը, այլ որպես մի ժամանակաշրջան, որտեղ փոխվել է մեր պետականության հունը, որովհետեւ օրվա իշխանությունները դա դիտարկեցին որպես մի ջրբաժան, որի ժամանակ մնացած ամեն ինչ կարեւոր չէ, կարեւոր է միայն իրենց իշխանությունը ամեն գնով պահելը»,- ասել է Արամ Վարդեւանյանը։

Նրա խոսքով՝ դատական համակարգի անկախության ապահովման համար շատ մեծ տիտանական աշխատանք պետք չէ։ Պետք է բոլոր այն դատավորներին, որոնք նախկինից մինչեւ ներկա պաշտոնավարում են դատական համակարգում եւ հայտնի են տարբեր մականուններով, իսկ հիմա «սրտի» դատավորներ են, մաքրել դատական համակարգից։

Բայց, ինչպես նշել է քաղաքական գործիչը, այդ դատավորներին ոչ միայն չեն պատժել, այլեւ, հակառակը, խրախուսել են նրանց, եւ նրանք վերածվել են դատական համակարգի «այցեքարտերի» այն դեպքում, երբ պետք է հակառակը տեղի ունենար։