Եթե Ռաֆայել Քոթանջյանի հետ կապված հիշողությունները սկսեմ պատմել, օրը չի հերիքի: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստին լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Աշոտ Ղազարյանը:
«Մենք շատ ենք իրար հետ շրջագայել Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան: Մեր մշակույթի մարդիկ Հայաստանի ծաղկեփունջ են կազմում, ամեն մեկն իր գույնով, իր հոտով ու գեղեցկությամբ: Ու երբ մեկը գնում է մեզնից, այդ ծաղկեփունջը գնալով խեղճանում է: Այդ ծաղկեփնջում ինքն իր կարեւոր տեղն ուներ, ու հիմա էդ տեղը չկա: Մյուս մեր արվեստագետներին էլ ցանկանում եմ, որ երբեք այդ ծաղկեփունջը չլքեն»,-ասաց նա:
Աշոտ Ղազարյանը հավելեց, որ վերջին շրջանում շատ դաժանություններ եղան. «Ծաղկեփնջի մեջ էին սկսած Մարկ Սաղաթելյանից, մեր Հայկոյից, Արթուր Գրիգորյանից, Զավեն Աբրահամյանից: Այնպիսի մարդիկ գնացին, որ... անունները տալուց չեմ էլ ուզում տխուր բան ասեմ»:
Նշենք, որ 2022 թ. հունիսի 13-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:
Ռաֆայել Քոթանջյանի վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:՜











