Արցախյան շարժման շունչը եւ ոգին կա 34 տարի անց կա նաեւ այսօրվա շարժման մեջ: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Ազատության հրապարակում  «Համահայաստանյան ուսանողական նստացույցի վերհուշ» անվամբ միջոցառման ժամանակ նշեցին 34 տարի առաջ նստացույցի մասնակիցները՝ վերհիշելով այդ օրերի իրադարձությունները:

«Այս տարիներին հենց սկսվեցին արգելված երգերը հնչել: Մայիս 28-ը հիշվեց, երբ 1988 թվականին Մովսես Գորգիսյանն առաջին անգամ բարձրացրեց եռագույնը, եւ շատերն այդ ժամանակ դա գնահատում էին որպես սադրանք: Շատ հաճելի հուշեր կան այդ նստացույցի հետ կապված, եւ ամենակարեւորը կար միասնականության անհերքելի զգացումը: Շատ ցավալի է, որ մենք 34 տարի անց տեսնում ենք նման ատելություն: Այս դավաճաններին ոհմակը, քսան տարի շարունակ կեղտն ու ատելությունը ներարկելով ժողովրդի մեջ, կարողացել է ինչ-որ բան փոխել, բայց այն ոգին, որը կար 1988 թվականին կար նաեւ Ֆրանսիայի հրապարակում»,- ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը:

Շարժման անդամներից Լուսինե Սահակյանը պատմեց իր խոսքերով աննկարագրելի աջակցության մասին, որոնք այդ օրերին ստանում էին շարժման անդամ երիտասարդները:

«Տաքսիստներն անվճար տանում էին մեզ տուն, անծանոթ մարդիկ մեզ հաց էին բաժանում: Իմ նախկին դեկան Գուրգեն Մելիքյանն անում էր ամեն ինչ, որ օգտակար լիներ իր ուսանողներին: Ես իմ քննությունների մի մասը ստացել եմ այս աստիճանների վրա: Դասախոսները մեզ ընդառաջում էին, որովհետեւ հասկանում էին, որ սա մեր հայրենիքի համար մղվող պայքար էր: Ես վստահ եմ, որ մեր ժողովրդի ոսկե հատիկն ավելի է ծիլ տալու: Մենք անպայման հաղթելու ենք: Մեր հայրենիքի սահմանները գծվել են մեր ընկերների արյամբ, եւ որեւէ մեկն իրավունք չունի անարգելու այն»,- նշեց Լուսինե Սահակյանը:

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանն ընդգծեց, որ այդ օրերին իրենց ուսանողական պայքարին մասնակցում էին տղաներ, որոնք կարճ ժամանակ անց հայտնվելու էին ռազմի դաշտում եւ հերոսանալու:

«Արթուր Ղարիբյանն իմ կուրսից էր, երկար ժամանակ չէր գալիս, հետո եկավ հունվարի քննություններին՝ առանց համազգեստի, ոչ մի ցուցադրական բան: Ոչ մի բառ չասաց, որ պատերազմում է: Հետո եկավ ամռանը, ու աշնանը զոհվեց: 1988 թվականին մենք նոր էին կոտրել սովետական կուռ դարպասները, չունեինք պետականություն, բայց ունեինք կամք եւ սուրբ գաղափար՝ Հայաստան եւ Արցախ: Ամեն ինչ առջեւում է, պետք չէ թուլանալ»,- ասաց Շուշան Պետրոսյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց, որ այսօր էլ Երեւանի պետական համալսարանում կան դասախոսներ, որոնք ամեն ինչով աջակցում են հանուն Արցախի մղվող պայքարին:

«Արդեն Ազատության հրապարակում էինք, երբ տեսանք, որ այստեղ խառնաշփոթ է, պարզվեց, որ Երեւանի պետական համալսարանի ուսանողներին դիպլոմներ հանձնելու արարողությունն է, բոլորին երեխաներին շնորհավորում ենք: Հետո պարզ դարձավ նաեւ, որ Նիկոլը դահլիճում է: Դասախոսներ կային, որոնք դա նկատեցին եւ չմտան: Հետո մեզ մի քանի մարդիկ հարցնում էին, թե ինչ ենք պատրաստվում անել, բայց ոչինչ չարեցինք, որովհետեւ մեր ուսանողներն են այստեղ»,- նշեց Գեղամ Մանուկյանը: