Հայաստանի իշխանությունները Հայաստանում ռուսական դպրոցի բացումը հնարավոր են համարում:

«Հայաստանում ռուսական դպրոցի բացումը կարող է քննարկվել, դա հնարավոր է, բայց այդպիսի որոշում դեռ չկա»,- ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ կոչ անելով դավադրություններ չփնտրել այդ թեմայում։

NEWS.am-ի կողմից ավելի վաղ ներկայացված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տվյալների համաձայն՝ ռուսաց լեզուն ուսումնասիրվում է Հայաստանի բոլոր հանրակրթական հաստատություններում։ Ռուսերենով խորացված ուսուցում իրականացվում է 63 դպրոցներում, որից 33-ը Երեւանում, 30-ը՝ մարզերում։ 45 պետական ​​հանրակրթական դպրոցներում գործում են ռուսերենի ուսուցման դասարաններ։ Հայաստանում ուսուցման լեզուն հայերենն է, ռուսերենը դասավանդվում է 2-րդ դասարանից, իսկ այլ օտար լեզուներ՝ 3-րդ դասարանից։

Նախարարը պարզաբանեց, որ տարբերություն կա ռուսական դպրոցի, որը գործում է ռուսական կրթական ծրագրով, եւ ներկայումս Հայաստանում գործող ռուսերենով,  բայց՝ հայկական կրթական ծրագրով ուսուցմամբ դասարանների միջեւ:

«Որեւէ խնդիր չկա, անհրաժեշտության դեպքում վերջին իրադարձությունների ֆոնին մենք կարող ենք ավելացնել այդ դասարանների թիվը, մենք պատրաստ ենք նաեւ դիտարկել Ռուսաստանից ռուսաց լեզվի մասսայականացմանն աջակցելու հնարավորությունը»,- պարզաբանեց նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «հետաքրքրություն էր հայտնել, որպեսզի ռուսաց լեզուն մշտական ​​աջակցություն ստանա բարեկամ կառավարության կողմից (ՀՀ)»։

Դումանյանը կոչ արեց ռուսերենը չհակադրել անգլերենին կամ հակառակը՝ օտար լեզուները հակադրել հայերենին: «Որքան շատ լեզու գիտենք, այնքան ավելի լավ»,- վստահություն հայտնեց նախարարը։

Նա հայտարարեց Վրաստանի սահմանամերձ դպրոցներում վրացերենի ուսուցում կազմակերպելու պլանների մասին՝ միեւնույն ժամանակ մատնանշելով ուսուցիչների պակասի խնդիրն ամբողջ Հայաստանում։