Ոչ վաղ անցյալում մարդիկ դժվարությամբ էին որեւէ այլ առցանց ծառայություն պատկերացնում, քան սմարթֆոնի հավելվածի միջոցով տաքսի կանչելը կամ սնունդ պատվիրելը: Այսօր առանց տնից դուրս գալու կարելի է անել գրեթե ամեն ինչ։ Որոշ երկրներում՝ անգամ մասնակցել նախագահական ընտրություններին։
Թվային փոխակերպումն այսօր հեշտացնում է սովորական մարդկանց կյանքը, իսկ բիզնեսներին եւ պետական մարմիններին հնարավորություն է տալիս ընդլայնել իրենց ծառայությունների ցանկը եւ ավելի շատ մարդկանց «լսելի լինել»: Սակայն, միեւնույն ժամանակ, այդպիսի փոխակերպումը մի շարք նոր խնդիրներ է առաջ բերում։ Դրանցից ամենագլխավորն այն է, թե ինչպես պաշտպանել մարդուն եւ նրա տվյալները թվային աշխարհում։
Այս խնդրի լուծմամբ զբաղվում են կիբեռանվտանգության ոլորտի փորձագետները:
Այդպիսի մասնագետներից է Ռամզես Գալեգոն (Իսպանիա): NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում կիբեռանվտանգությունը եւ կիբեռկայունությունը, ինչպես են արհեստական բանականությունը եւ մեքենայական ուսուցումն օգնում ապահովել մեր տվյալների անվտանգությունը... եւ շատ ավելին:
Կիբեռանվտանգությունը եւ ԿՀՎ-ն
Կիբեռանվտանգությունը, մասնագետի խոսքով, տվյալների գաղտնիության, ամբողջականության եւ հասանելիության պաշտպանությունն է։ Դա սպառնալիքները ճիշտ նույնականացնելու եւ դրանցից գրագետ պաշտպանվելու ունակությունն է:
«Կիբեռանվտանգության հիմքում երեք հիմնական հասկացություն է՝ գաղտնիություն, ամբողջականություն եւ տվյալների հասանելիություն: Եթե տվյալները պետք է գաղտնի լինեն, ապա դրանք պետք է մնան այդպիսին: Կողքից ոչ ոք իրավունք չունի մոդիֆիկացնել, փոփոխել տվյալները, եթե դա նրան թույլատրված չէ։ Եւ եթե ես պետք է մուտք ունենամ տվյալներին, ես պետք է կարողանամ ստանալ այդ մուտքը, երբ ուզեմ եւ ինչպես ուզեմ: Գաղտնիությունը, ամբողջականությունը եւ տվյալների հասանելիությունը՝ ինչպես ԿՀՎ-ն է: Ո՛չ, իհարկե, ես հետախուզական վարչության մասին չեմ խոսում»,- կատակեց Գալեգոն:
Գաղտնիություն, ամբողջականություն եւ տվյալների հասանելիություն անգլերեն confidentiality, integrity and availability of data-ն է: Այս արտահայտության հապավումը՝ CIA: Ճիշտ այնպես, ինչպես Central Intelligence Agency-ն (ԿՀՎ):
Կիբեռկայունությունը՝ որպես անվտանգության նոր մակարդակ
Ժամանակակից աշխարհում, իր բոլոր սպառնալիքներով եւ խնդիրներով հանդերձ, հարձակումների դեմ գրագետ պայքարելը բավական չէ. պետք է կարողանալ կանխատեսել դրանք եւ, հետեւաբար, հնարավորինս պատրաստ լինել դրանց:
Կիբեռկայունությունը, ինչպես նշեց Գալեգոն, հենց հնարավոր սպառնալիքները կանխատեսելու, դրանց արդյունավետորեն դիմակայելու եւ դրանք կանխելու կարողությունն է: Գալեգոն կիբեռկայունությունը համեմատում է ամուր ամրոց կառուցելու հետ, որտեղից կարելի է հետ մղել թշնամու գրեթե ցանկացած գրոհ:
Այսպիսով, եթե կիբեռանվտանգությունը հարձակմանը գրագետ արձագանք է ենթադրում, ապա կիբեռկայունությունը նախնական պատրաստությունն է այդ հարձակմանը:
Ե՛ւ կիբեռանվտանգությունը, ե՛ւ կիբեռկայունությունը, Գալեգոյի խոսքով, այսօր չափազանց կարեւոր են առանց բացառության բոլոր ընկերությունների համար. որքան մեծ է ընկերությունը, այնքան ավելի լուրջ սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ այն կկանգնի թվային աշխարհում: Ռիսկերը հատկապես մեծ են պետական կառույցների համար։ Սակայն դա չի նշանակում, որ փոքր ընկերություններին ոչինչ չի սպառնում. դրանց համար ռիսկերի գրագետ կառավարումը եւ կիբեռանվտանգությունը պակաս կարեւոր չեն, քան մասնավոր եւ պետական հսկաների համար:
Հին ու բարի կիբեռհանցագործությունները շարունակում են արդիական մնալ
Եթե նախկինում կային հաքերներ, որոնք կոտրում էին համակարգերը, որպեսզի պարզապես ցույց տան, որ կարող են դա անել, ապա այսօր մեծամասնությունը մի նպատակ ունի՝ գումար ստանալ։ Եւ ուստի՝ այսօր վտանգված են ոչ միայն ձեր տվյալները, այլ նաեւ ձեր ֆինանսները:
Գալեգոն նշեց, որ կիբեռհանցագործներն այսօր բազմաթիվ տարբեր հնարքներ են օգտագործում իրենց ուզածին հասնելու համար: Ընդ որում, նույնիսկ ամենահին եւ քաջ հայտնի հնարքները տարօրինակ կերպով շարունակում են աշխատել: Այսպես, օգտատերերի մեծ մասը դեռ չգիտի, թե ինչպես դիմակայել շորթիչ ծրագրերին կամ ֆիշինգային գրոհներին, կեղծ բիզնես նամակները եւս ոչ բոլորը կարող են ճանաչել:
«Զարմանալի է չէ, որ մենք կարծես ամեն ինչ գիտենք այդ մասին, գիտենք, թե ինչպես է դա աշխատում, բայց ամեն օր մեծ թվով ընկերություններ շարունակում են բախվել այդ խնդիրներին»,- ասաց Գալեգոն:
Կախարդական ինքնուսուցանող ալգորիթմը
Այսօր արհեստական բանականությունը եւ մեքենայական ուսուցումը կարեւոր դեր են խաղում կիբեռանվտանգության եւ կիբեռկայունության ապահովման գործում: Ըստ Գալեգոյի՝ այսպես կոչված «չվերահսկվող» մեքենայական ուսուցման (unsupervised) ալգորիթմները, որոնք ինչ-որ իմաստով կարելի է համարյա կախարդական անվանել, շատ հետաքրքիր եւ խոստումնալից են։
Եթե «վերահսկվող» ալգորիթմին պետք է «սովորեցնել», ապահովելով թեմփլեյթներով, ապա «չվերահսկվողն» ինքն է «սովորում»՝ տեղեկություն հավաքելով, վերլուծելով այն եւ նույնիսկ եզրակացություններ անելով։ Եւ այդպիսի ալգորիթմները, ըստ Գալեգոյի, պարզապես իդեալական են խախտումների եւ ոչ նորմալ վարքագծի մի ամբողջ շարքի հայտնաբերման համար։
«Օրինակ, Ռամզես Գալեգոն հանկարծ ընկերության կադրային ռեսուրսների մասին տվյալներին հասանելիություն է ստանում առավոտյան ժամը 3:00-ին Սինգապուրից: Չէ՞ որ դա տարօրինակ է: Ռամզեսը նախկինում երբեք նման բան չի արել: Ալգորիթմը կարող է ահազանգել, տեղի ունեցածի մասին հայտնել կադրերի բաժնի ղեկավարին, մենեջերին, ղեկավարությանը, էլի ինչ-որ մեկին, հայտնել նրանց, որ միգուցե այդ հասանելիության հետ ինչ-որ բան այն չէ»:
Ալգորիթմի բարձրացրած ահազանգին ի պատասխան՝ մասնագետները կարող են միջոցներ ձեռնարկել եւ կանխել ընկերության համար կարեւոր տվյալների կորուստը։ Մարդը, ամենայն հավանականությամբ, չէր կարողանա լուծել այդ խնդիրը, քանի որ, ի տարբերություն մեքենայական ուսուցման ալգորիթմի, նա դժվար թե կարողանար շուրջօրյա վերահսկել, թե ով, երբ, որտեղ եւ ինչու է միանում ընկերության տվյալներին:
Հանցագործները կանգ չեն առնի, մենք՝ նույնպես
Կիբեռհանցագործությունները եւ գրոհները, ըստ Ռամզես Գալեգոյի, արգելել, կանխել կամ կանգնեցնել հնարավոր չէ: Բայց դրանց կարելի է պատրաստ լինել: Կարելի է առավելագույն կերպով պաշտպանված ամրոց կառուցել, որը կդիմակայի գրեթե ցանկացած հարձակման եւ պաշարման: Այդ պայքարում յուրաքանչյուրը կարող է եւ պարտավոր է իր դերը խաղալ:
Հասարակությունը պետք է տեղեկացնի իր անդամներին բոլոր հնարավոր մակարդակներում՝ դպրոցներից սկսած: Մարդիկ պետք է հասկանան, որ պարտադիր չէ, որ իրենց ֆիզիկական հարձակման ենթարկեն. եթե նրանք ճիշտ չգաղտնագրեն իրենց տեղեկատվությունը, եթե իրենց ճիշտ չպահեն, ապա վիրտուալ հարձակումը կարող է ոչ պակաս վնաս պատճառել, քան ֆիզիկականը: Այդ ամենի մասին, Գալեգոյի խոսքով, տեղեկություն պետք է տարածեն ե՛ւ ֆիզիկական անձինք, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ընկերությունները, ե՛ւ ԶԼՄ-ները. յուրաքանչյուրն այս հարցում պատասխանատվության իր բաժինն ունի:
Իսկ մասնագետները, իրենց հերթին, պետք է մշտապես պաշտպանության նոր մեթոդներ մշակեն եւ բարելավեն գոյություն ունեցողները, չէ՞ որ կիբեռհանցագործները շատ հնարամիտ են եւ միշտ ինչ-որ նոր բան են մտածում՝ պաշտպանությունը շրջանցելու համար։
«Չարամիտները եւ հանցագործները կանգ չեն առնի: Այստեղ մենք ենք լավ տղաները, եւ մենք եւս կանգ չենք առնի»,- ասաց Գալեգոն:











