Հրեշտակ ներդրողները հիմնականում աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների և բիոտեխնոլոգիաների ոլորտներում՝ ֆինանսական միջոցներ տրամադրելով այս ոլորտներում պոտենցիալ ունեցող ստարտափներին։ Աշխարհում հրեշտակ ներդրողների թիվը ավելանում է, բայց ավելի արագ այն ավելանում է Հայաստանում, քանի որ դա ներդրումների նոր ուղղություն է, ասում է Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի համահիմնադիր-նախագահ Արթուր Միքայելյանը։
«Հայաստանում գործում են ո՛չ մեկ, ո՛չ երկու, այլ երեք պաշտոնական ցանցեր, որոնք կոչվում են ակումբներ, որոնցից մեկն էլ մեր ակումբն է՝ AICA–ը։ Բավականին հետաքրքիր աշխատանք է տարվում ցանցային համագործակցության ուղղությամբ, որպեսզի ներգրավենք ավելի շատ հրեշտակ ներդրողներ՝ ոչ միայն հայազգի, այլ նաև օտարազգի»,- ասում է նա։
Հրեշտակ ներդրողների ֆինանսական աջակցությունն ստանալու համար ստարտափները պետք է կարողանան իրենց բիզնես գաղափարը արդյունավետ կերպով ներկայացնել, այսպես ասած, փիթչ անել (pitch)։ Սակայն նույնիսկ լավ փիթչինգը կարող է ոչինչ չտալ, եթե գաղափարը լավ չէ։
«Իրականում արդյունավետ փիթչինգին ոչինչ չի կարող խոչընդոտել, եթե ստարտափն ու թիմը իրոք լավն են։ Այստեղ միակ խնդիրն այն է, որ փիթչինգը լինի անգլերեն, քանի որ մեր հրեշտակ ներդրողները ոչ միայն Հայաստանից են, այլ նաև արտասահմանից, եւ մենք ուզում ենք, որ տեղական ընկերություններն անպայման դառնան միջազգային մակարդակի ու գրավեն միջազգային շուկաները, հրեշտակ ներդրողները միմյանց ճիշտ հասկանան, թիմն այնքան պատրաստ լինի, որ կարողանա նաեւ ներկայանալ, փորձել ու գրավել միջազգային շուկաներ»,- ասում է Արթուր Միքայելյանը։
Սակայն պետք է նկատի ունենալ, որ հրեշտակ ներդրողները մեծ ռիսկերի են գնում այս կամ այն ստարտափում ներդրում անելով՝ անկախ նրանից, թե որքան լավն է գաղափարը։ Ստարտափը կարող է ձախողել և հրեշտակ ներդրողը կարող է զրկվել իր գումարից։
«Ամենածանր պահին՝ սկզբնական փուլում, երբ ընկերությունը հիմնվում է, եւ պետք է սկսել աշխատանք իրականացնել, այդ ժամանակ հրեշտակ ներդրողը կանգնում է ստարտափի կողքին։ Սարսափելի բարձր ռիսկայնություն է, եւ հրեշտակ ներդրողներին մենք միշտ խորհուրդ ենք տալիս, որ պետք է պատրաստ լինել եւ համակերպվել այն մտքին, որ ներդրված գումարը կարող է ամբողջովին կորել»,- բացատրում է Արթուր Միքայելյանը։
Այդուհանդերձ, եթե ներդրումը ճիշտ է արվում և դրանով զբաղվում են գործից հասկացողներ կամ ներդրումը արվում է մի հրեշտակի հետ, որն ինքն է հասկանում գործից, ապա ռիսկայնությունը շատ է նվազում։
«Ավելին` վիճակագրություն կա, որ եթե հրեշտակ ներդրողը կատարում է տասը ներդրում, դրանից հինգը կամ վեցը ձախողվում են, եւ մեկը կամ երկուսը ստանում են գոնե իրենց գումարների վերադարձը եւ շատ չնչին շահութաբերությամբ աշխատել, բայց հիմնականում տասից մեկն է, որն առաջացնում է բավական տպավորիչ շահույթ և այդ մեկ ներդրումով դու կարողանում ես ծածկել քո բոլոր կորած գումարները եւ մի քանի տասնապատիկ ավելի շահութաբերություն ես ստանում»,- ասում է Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի համահիմնադիր-նախագահ Արթուր Միքայելյանը։
Արման Տոնիկյան











