Եվրոպական շատ ընկերություններ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ, պատժամիջոցներ կկիրառի նաեւ նիդեռլանդական APM Terminals Poti-ն՝ որպես խոշոր նավագնացային ընկերություն։ Այս մասին հունիսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Դրանով նա բացատրեց Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան բեռնանավային փոխադրումների մեկնարկի ուշացումները։ «Հիմա մենք բանակցություններ ենք վարում, որպեսզի մեր բեռնանավերի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեն։ Նման իրավունք չկա։ Ամեն ինչ պատրաստ է, մնում է ստանալ վերջին թույլտվությունը»,- հավելեց նախարարը։
Ի պատասխան այն դիտարկմանը, թե սա կարող է հերթական «փուչիկը» լինել, Քերոբյանը հայտնեց «իր գործունեության արդյունքները գործով ցույց տալու» կառավարության վճռականությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ հունիսի 15-ին բեռնանավային հաղորդակցություն կգործարկվի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ Վրաստանի (Փոթի) տարածքով։ Նշենք, որ APM Terminals Poti-ն Փոթիի նավահանգստի օպերատորն է։











