Եթե մարդը մանդատը վայր է դնում, լքում է իր աշխատանքի վայրը, դրա համար հիմք կարող է լինել այն, որ ինքը գտնում է, որ այլեւս անելիք չունի  այդ աշխատանքի վայրում, կամ այդ մանդատն իրեն այլեւս պետք չէ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին:

Անդրադառնալով նրան, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում ԱԺ աշխատանքներին, ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ սա ոչ թե իշխանության, այլ պետության դեմ ուղղված քայլ է. «Եթե ընդդիմության գործողություններն ուղղված են օրենսդիր մարմնի բնականոն աշխատանքի դեմ, նշանակում է, ուղղված են պետության դեմ: Ամեն փորձ արվում է պետական ամենակարեւոր կառույցը՝ ԱԺ-ն, թուլացնել, լեգիտիմությունն իջեցնել եւ դրանով քաղաքական  ճգնաժամ ստեղծել: Բայց քանի դեռ չկա իրավական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ չի կարող լինել, որովհետեւ, եթե անգամ բոլորը հրաժարվեն իրենց մանդատներից, դա որեւէ բան չի փոխում, խորհրդարանը շարունակելու է իր աշխատանքները»,-ասաց Արմեն Խաչատրյանը:

Նա հավելեց, որ գուցե ընդդիմության ընտրողները հենց այդպես են ուզուլ, որ նրանք աշխատանքի չգան, բոյկոտներ անեն, հնարավորինս վնասեն պետականությանը. «Թո գնահատականը տան իրենց ընտրողները»,-ասաց նա: