Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոի արձանի տեղադրումը ճիշտ որոշում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Երբ հարցը դրվեց շրջանառության մեջ, ես պատկերավոր ասացի, որ եթե արձանը դրվի Կասկադում կամ Երեւանի այլ վայրում, ես կպառկեմ այնտեղ ու թույլ չեմ տա, որովհետեւ վտանգավոր է երկրաշարժի տեսանկյունից: Իսկ Հատիս լեռան վրա դնելու ես միանշանակ կողմ եմ: Չլինելով հավատացյալ՝ կարծում եմ, որ վնաս չի լինի, այն կապահովի տուրիստական հոսք, եւ կբարեկարգվի հսկայական տարածք: Մենք տեղյակ ենք պարոն Ծառուկյանի մասշտաբներին եւ ճաշակին, մասշտաբային մոտեցումներին, որոնք շատ տեղերում բավական ընդունելի են: Եթե մենք մեխանիկորեն հետեւենք հնագետներին եւ բնապահպաններին, որոնց ես շատ կարեւորում եմ, մենք Հայաստանում ոչինչ չենք կարող կառուցել: Պետք է մեկը մյուսին զուգակցենք եւ ընդունելի ու արդիական բաներ կառուցենք »,- նշեց Աղազարյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ կոռուպցիոն ռիսկեր չկան այն բանում, որ Հատիս լեռան 140 հեկտար հողատարածքն օտարվել է Գագիկ Ծառուկյանին:

«Հատուկ ծրագրով հողատարածքը կարելի է հատկացնել գործարարին, որն ունի ծրագիր: Գործարքն արվում է կադաստրային գնով: Ես հակասություն չեմ տեսնում դրա եւ ապօրինի գույքի մեջ: Եվ դա չի նշանակում, որ հետո պարոն Ծառուկյանի որեւէ գույքի հետ կապված քննություն անցկացվի եւ պարզվի, որ ձեռքբերման աղբյուրներն անհասկանալի են, իր նկատմամբ գործառույթ չի կիրառվի: Բոլորի նկատմամբ կկիրառվի: Մեր ընդունած օրենքը կանխարգելիչ է, այսինքն՝ մենք միշտ զգանք, որ մեր ընդունած օրենքների համար պատասխան ենք շրջանակում»,- ընդգծեց Աղազարյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ իշխանությունը ներողամիտ է գտնվում այն գործարարների հանդեպ, որոնք լոյալ վերաբերմունք են ցուցաբերում այս իշխանությանը, Աղազարյանը պատասխանեց. «Ոչ մեկին ոչ մի բան չի ներվելու: Եթե որեւէ գործարար իր գործունեության ընթացքում թույլ է տվել ապօրինություն եւ կարողանում է քայլ անել, որ այդ ապօրինության հետքերը վերացնի, մենք ուրախ ենք դրա համար: Եվ մենք ուրախ ենք, որ կան գործարարներ, որոնք կարող են մեր տնտեսությունը զարգացնել: Եթե բոլորին հեռացնենք իրենց բիզնեսներից, արդյունք չենք ունենա»: