«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան ընդունարանում այսօր իրարանցում էր։ Նախասրահում մարդիկ կապույտ փուչիկներով, ծաղիկներով եւ արցունքներով սպասում էին 44–օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի նորածին եղբորը՝ Մխիթարին։
Պատերազմից շուրջ երկու տարի անց՝ հուլիսի 15–ին, լույս աշխարհ է եկել հայրենիքի սահմանների պատշտպանության ժամանակ ընկած Մխիթար Գալեյանի եղբայրը։ Ծնողները փոքրիկին անվանել են Մխիթար՝ հերոս եղբոր հիշատակին։
«Տղայիս զոհվելուց հետո, երբ սկսեցի ուշքի գալ, որոշեցինք, որ մեր տանը նորից պետք է Մխիթարին կանչենք։ Երբ ծնվեց Մխիթարը, անասելի երջանկություն զգացի՝ թախիծով միախառնված, հուզմունքս շատ էր, ձեռքերս կապված էին, կարողացա միայն համբուրել նրա կլորիկ թուշիկները»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մխիթարի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։
Կրտսեր Մխիթարին մայրը նմանացնում է ավագ որդուն.
«Նայում եմ փոքրիկիս, համեմատում մեծ Մխիթարիս այս տարիքի վարքագծին։ Երկուսն էլ շարժուն են, հենց քաղցում է՝ սկսում է գոռալ, լացել»։ (ժպտում է– հեղ.):
Պատերազմում զոհված Մխիթարի բացը ոչ ոք չի լրացնի Գալեյանների ընտանիքում, բայց կրտսեր Մխիթարի ծնունդը կյանքը շարունակելու ուժ է տվել ծնողներին։
«Ուժ եմ ուզում, որպեսզի նրա համար էլ կարողանամ անել այն ամենը, ինչ արել եմ ավագ որդուս եւ դստերս համար»,– ասաց Աստղիկ Գալեյանը։
Ծննդատան նախասրահում փոքրիկին դիմավորեց հայրը՝ Գարիկ Գալեյանը։ Նա չկարողացավ զսպել արցունքները։
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ծնողները նորածնի հետ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ամփոփված է նաեւ Մխիթարի աճյունը։
«Գնում ենք հարգանքի տուրք մատուցելու, մեր տղաներին շնորհակալություն հայտնելուապրած ամեն օրվա համար»,– ասաց Աստղիկ Գալեյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











