Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչներն այսօր՝ հուլիսի 22-ին, վաղ առավոտից մի քանի ժամով փակել էին մարզի գլխավոր ճանապարհը։
Գյուղի բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում պատմում են, որ իրենց այգիներն ամիսներ շարունակ չեն ոռոգվում։ Գյուղացիների ակցիան ընթացել է լարված մթնոլորտում, քաշքշուկ է սկսվել գյուղացիների եւ ոստիկանների միջեւ։ Բնակիչները բացել են ճանապարհը պայմանով, որ պատկան մարմիններն այդ խնդրին շուտափույթ լուծում կտան։
Մեր նկարահանող խումբն այցելել է Ակնալիճ գյուղի մի քանի այգիներ, զրուցել բնակիչների հետ։
Բնակիչներից մեկը պատմում է, որ տարածքի խողովակներով ընդհանրապես ջուր չի գալիս, վերջին անգամ մոտ 25 օր առաջ է եկել.
«Ոռոգման սեզոնը որ սկսվում է, չգիտեմ՝ ով է որոշել, որ ոռոգման սեզոնը Արարատյան դաշտավայրում պետք է սեպտեմբերին սկսվի։ Որոշվել էր, որ մայիսի 1-ից մեզ պետք է ջուր տան, բայց մեզ ջուր տվեցին մայիսի 23-ից։ Այդ արանքում մենք ունեցել ենք ջուր ընդամենը 2-3 անգամ։ Հեղնար աղբյուրի չափ ջուր է, որի համար հարեւանները սկսում են կռվել»։
Ըստ բնակչի՝ այս հողը առանձնահատուկ է նրանով, որ եթե մի քանի օր այն չեն ջրում, քարի նման պնդանում է եւ բահը չի մտնում հողի մեջ.
«Կաղամբն այնքան չի ջրվել, որ արդեն տերեւները ծակվել են։ Փոքր դույլերով ջրում եմ մարգերը։ Ի՞նչ է նշանակում՝ գյուղացին գնա, կանաչին առնի, այնքան վիրավորական է, որ գյուղացին շուկայից կանաչի առնի։ Ցանել եմ, չի աճում էլ, ջուր չկա։ Բամիան ամենաաներես բույսերից մեկն է, բայց բամիային էլ են կարողացել խեղճացնել։ Առաջին տարին է, որ տանձ է բռնել, բայց ջուր չլինելու պատճառով ձեռքով եմ ջրել։ 7 հա տարածք ունեցող այգին ուզում եմ քանդել, որովհետեւ ջուր չունեմ։
Այսօր մեր մարզպետը հրավիրել է ՋՕ նախագահին, ՀԷՑ-ի ներկայացուցչին, բոլորին առաջադրանք տվեց, որպեսզի անպայման այսօրվանից սկսած այդ հարցերին լուծում տան։
Մտածում են՝ գյուղացուն ջուր տան, թե՝ ոչ։ Ե՞րբ պիտի տան, ավելի լավ է, մի քիչ էլ ձգեն, ձմռանը՝ նոյեմբերից հետո ջրերը միացնեն»։
Այդ առնչությամբ ավելի վաղ ՀԷՑ-ի ԶԼՄ-ների հետ կապերի ղեկավար Նատալյա Սարջանյանը պարզաբանել էր, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում հոսանքազրկումը ՀԷՑ-ի տնտեսության խնդիրը չէ։











