Այս գործի ամենամեծ խնդիրն այն է, որ անկախ նրնաից, որ փատսբանն, այո, ձգձգում է, դատական համակարգը ոչինչ չի անում, որպեսզի դատական նիստերն արագ ընթանան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով 5 տարի առաջ Շամիրամ գյուղում տեղի ունեցած զանգվածային սպանության գործին:
«Պետության պարտավորությունն է, որ ցանկացած դեպքում, երբ խախտվել է անձի կյանքի իրավունքը, նաեւ արդյունավետ քննություն իրականացնի, իսկ արդյունավետ քննության իրականացումը ենթադրում է, որ անձը ստանա համարժեք պատիժ: Եվրոպական իրավունքն ասում է, որ եթե անձը համարժեքմ պատիժ չի ստանում թե վատ վերաբերմունքի, թե սպանության գործերով, դա կարող է համարվել իրավունքի խախտում:
Ես մեծ հույս ունեմ, որ այսուհետ ավելի զգոն կլինեն համապատասխան մարմինները շուտափույթ կերպով կավարտվի դատավարությունը եւ անձը, որն արժանի է ցմահ պատիժ ստանալու, ստանա իր պատիժը, որպեսզի անձինք էլ խաղաղվեն եւ ինքնադատաստանի չդիմեն»,-ասաց նա:
Լուսինե Սահակյանի խոսքով, այն մեղադրանքը, որ առաջադրվել է հանցանքը կատաածին, սանկցիան նախատեսում է մինչեւ ցմահ ազատազրկում. «Բնականաբար, պատմության մեջ լսած չկամ դեպք, որ էսպիսի դեպք լինի՝ 4 մահ, 7 վիրավոր եւ անձը ցմահ ազատազրկման չդատապարտվի: 5 տարի շարունակ դատավարությունն ընթանում է եւ դատավճռի չենք հասել: Ամբողջ հարցն այն է, որ այդ անձը մեկուսարանից հրապարակում է տեսահոլովակներ, երգեր, որն ավելի է բողոքի ալիք բարձրացնում մարդկանց մոտ, երբ նրանք հասկանում են, որ այս անձն իրականում չի էլ զղջում: Նաեւ օրենքի խախտումներով որոշակի պայմաններում է նստած, որը մենք կբացահայտենք, որովհետեւ այդ տեսահոլովակներում երեւում են իրավիճակներ, երբ հասկացվում է, որ անձը հեռախոսի է տիրապետում: Եվ պետությունը ոչինչ չի անում, ցավոք սրտի:
Հուսամ այսուհետ ավելի շրջահայաց կգտնվեն եւ այս գործին լուրջ կվերաբերվեն: Չարժե, որ թույլ տան, որ մարդիկ իրենց ձեռքով արդարադատություն իրականացնեն: Այսքան մարդիկ մարդիկ սպասել են, որ արդարադատություն կիրականանա»,-ընդգծեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 5 տարի առաջ՝ 2017 թվականի օգոստոսի 1-ին, առանձնապես ծանր հանցագործություն է տեղի ունեցել։ Համայնքի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում, որտեղ եզդիներն այդ օրը մասնակցում էին իրենց՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, Թելման Քալաշյանն ավտոմեքենայով գնացել է Շամիրամ համայնք: Հասնելով նշված վայր՝ Քալաշյանը հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ։
Արձակված կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է, ևս 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, որն ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։
Շուրջ 24 օր անց հետախուզման մեջ գտնվող Քալաշյանը հայտնաբերվել և կալանավորվել է։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։











