Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 1-ին, «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանները գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրին։

Պաշտպան Արմեն Անդրիկյանը խնդրեց դատավորին ժամանակ տրամադրել բացարկի միջնորդություն ներկայացնելու համար, դատավորն իր հերթին 20 րոպե ընդմիջում հայտարարեց։

Պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը ընդմիջումից հետո հայտարարեց, որ բացարկի հիմքեր կան։ Նա հիշեցրեց, որ դատարանին ավելի վաղ միջնորդություն էին ներկայացրել և խնդրել չստանձնել վարույթ, քանի որ դրան նախորդած դատավարական գործողություններն ապօրինի են եղել։

Նրա խոսքով` գործով դատավորը պետք է մեղադրական եզրակացությունը հետ ուղարկեր դատախազին, որպեսզի վերջինս էլ իր լիազորությունների սահմաններում քայլեր ձեռնարկեր Չալաբյանի խախտված հիմնարար իրավունքի վերականգնման համար։

Փաստաբանը նշեց, որ թեև Չալաբյանը հրապարակավ չի հրաժարվել իր պաշտպաններից, այնուամենայնիվ դատարանը գործում հանրային պաշտպան է ներգրավել։

«Առաջին դատական նիստից հետո մենք արդեն ունեինք կանխակալ կարծիք, որ դատարանն անտեսելու է մեղադրական եզրակացությունում առկա խախտումները։ Ձեր գործողությունները ականջալուր չեն մեր խնդրանքներին, պահանջներին։ Տպավորություն է, որ դատարանը չունի նպատակ դատավարության շրջանակում լուծման ենթակա հարցերը իրապես լուծելու»,– ասաց Հարությունյանը։

Իր հերթին պաշտպան Արթուր Հարությունյանն ասաց, որ մեղադրական եզրակացությունը պաշտպանական թիմի կողմից մանրակարիտ ուսումնասիրվել է,  արձանագրվել, որ քննիչ կողմից կազմված և դատախազ Արմեն Բեգլարյանի կողմից հաստատված մեղադրական եզրակացության մեջ կան թերություններ, բացթողումներ խեղաթյուրումներ։

«Անգամ իրավաբանական բարձր գիտելիքներ չունեցող մարդու մոտ կասկած չեն թողնում առ այն, որ կազմված մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում Քրեական դատավարության օրենսգրքի 202–րդ հոդվածի պահանաջներին, հետևաբար այս հիմքով այս դատական նիստը ենթակա է հետաձգման, իսկ դատարանը պարտավոր է հանրային  մեղադրողին պարտավորեցնել դատարանի սահմանաված ժամկետում մեղադրական եզրակացությունը համապատասխանեցնել Քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանաջներին  և միայն հետո այն ներկայացնել դատարան»,- ասաց պաշտպանը՝ միջնորդություն ներկայացնելով սույն դատական քննությունը հետաձգել մեղադրական եզրակացությունը շտկելու համար։

Ավետիք Չալաբյանն ասաց, որ այստեղ հավաքվել են արդար դատաքննության համար, Հայաստանի քաղաքացիներին ի վերջո հետաքրքրում է ճշմարտության բացահայտումը, ինչը ենթադրում է, որ  դատավարության բոլոր մասնակիցները պետք է գործեն իրենց վերապահված իրավասության շրջանակում։

«Նախորդ նիստին, երբ ես ասացի այս ամեն ինչի մեջ քաղաքական հետապնդում եմ տեսնում, դատախազը բողոքեց, ասաց, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում։ Բայց երբ կարդացի այս մեղադրական եզրակացությունը, ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ  այն ծայրահեղ միտումնավոր է կազմված։

Ձայնագրության  վերաբերյալ գործի նյութերում ունենք փորձագիտական  եզրակացություն,  ամբողջ ձայնագրության բառ առ բառ  վերծանություն, որը հստակ տարանջատում է  իմ խոսքը խոսակցության ուրիշ  մասնակիցների խոսքից, ցույց է տալիս, որ ոչ ցույցների կազմակերպման, ոչ նյութական խրախուսաման,  և որևէ  արտահայտություն ես չեմ արել։  Այդ վերծանությունը մեղադրական եզրակացության մեջ տեղ չի գտել, դրա  փոխարեն տեղ է գտել ոչ մասնագիտական զննությունների երկու արդյունք, որոնք  իրար կրկնում են։

Հարց եմ տալիս, եթե այս մեղադրական եզրակացությունն իսկապես միտումնավոր չէ,  իմ մեղքը ծանրացնելը չէ, իմ անմեղությունը թաքցնելը չէ, ինչո՞ւ այդ վերծանությունը տեղ չի գտել»,- հարցադրում արեց Չալաբյանը։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։