Այս գործով խոսքը վերաբերում է ընդհանրապես վարույթը կարճելու մասին, որի պարագայում բնականաբար, երկու մեղադրնայլների նկատմամբ քրեական հետապնդումը դադարելու է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դատավարության ժամանակ նշեց նրա պաշտպն Վարազդատ Հարությունյանը:
Նա նկատեց, որ գործ հարուցելու հիմք է հանդիսացել ոստիկանության ավագ տեսուչի զեկուցագիրը, որտեղ նա վկայակոչել է Medianews.am-ի տեղեկատվությունը:
«Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն քրեական վարույթ չպետք է հարուցվի, իսկ հարուցվածը ենթակա է դադարեցման, եթե վարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկատվության հիման վրա:
Մեղադրող կողմը կբերի հակափաստարկ, որ նախկին քրեական օրենսգրքով կարճման այդպիսի հիմք առկա չէր, բայց նույն նախկին քրօրենսգրքով քրեական գործ հարուցոելու առիթների մեջ շատ հստակ գրված է, որ քննիչը, հետաքննության մարմինը, դատախազը իրենց իրավասության շրջանակներում իրենց հայտնի դարձած հանցագործության դեպքի առթիվ ներկայացնում են համապատասխան տեղեկատվություն քրեական հետապնդում իրականացնող մարմնին: Դժվար է պատկերացնել, որ հետաքննիչը կամ դատախազը առավոտյան լուրերն ընթերցելիս պատահական հայտանբերում են որեւէ հրապարակում, որի մեջ առկա տեղեկատվությունը հնարավոր է վերաբերվի որեւէ հանցագործության դեպքի: Այս դեպքերի համար օրենսդիրը չի նախատեսել այդ կարգավորումը:
Ավետիք Չալաբյանին որպես քաղաքական գործիչ դիսկրեդիտացնելու, նրա մասնակցությամբ իրականացվող քաղաքական գործընթացները, մասնավորապես իշխանափոխության պահանջով հանդես եկող «Դիմադրություն» եւ «Համախմբում» շարժումների գաղափարական, ֆունկցիոնալ, նպատակային հիմնասյուները խախտելու, քանդելու համար, իրականացվել է այս ֆաբրիկացված ձայնագրությունը, որն իրենից ենթադրում է պարզապես ձայնագրության մոնտաժ: Այդ մոնտաժը տրամադրվել է իշխանական պրոպագանդայով հայտնի ֆեյք լրատվամիջոցի:
Գործի նյութերում իսպառ բացակայում է որեւէ տեղեկատվություն, թե հարգարժան ավագ տեսուչ Ս. Սարգսյանը իր այդ որ լիազորությունների շրջանակում է որոշել մտնել Medianews.am կայք եւ որոնումներ անել»,-ասաց պաշտպանը:
Նա ընդգծեց, որ մի լրագրողական հետաքննության արդյունքներով, շատ հավանական է, որ այդ լրատվական կայքը պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին. «Համացանցային հետքերը տանում են ուղիղ դեպի Տարոն Չախոյանի հաշվառման հասցե:
Դուք գործի նյութերում տառ անգամ չեք գտնի այն մասին, որ մեր կողմից ներկայացվել է միջնորդություն Տարոն Չախոյանին հարցաքննելու, թե նախաքննություն իրականացնող մարմինը դրա շուրջ ինչ գործողություններ է իրականացրել: Դրա մասին տառ անգամ չեք գտնի»:
Վարազդատ Հարությունյանը հույս հայտնեց, որ դատարանը կբավարարի իրենց միջնորդությունը՝ կարճելով քրեական վարույթը:
Հիշեցնենք, որ նախորդ՝ օգոստոսի 1-ի նիստում, Չալաբյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը մերժվեց։
Նշենք, որ Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։
Նա մայիսի 14-ին կալանավորվեց, ապա կալանքը երկարացվեց եւս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։
Մեղադրական եզրակացության համաձայն. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:











