Պարեկը չի տիրապետում օրենսդրությանը, որով ինքն ամեն օր գործում է: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ կից հրապարակելով իր եւ պարեկի խոսակցության տեսանյութը:
«Այսօր ընտանիքիս անդամների հետ տուն էի վերադառնում, երբ պարեկն անհիմն կանգնեցրեց մեքենաս և տեղեկացրեց, որ պետք է ստուգի սթափությունս։ Հարցիս, թե ինչ հիմքով, նշեց, որ ուժեղացված ծառայություն է։ Սթափությունս ստուգելուց հետո, երբ նշեցի, որ անհիմն վարչարարություն է իրականացնում, գործընկերոջ հետ խորհրդակցեց ու ասեց, որ պետք է նաև իրավախախտման արձանագրություն կազմի։ Պարեկն իրավունք չունի՝ իր քմահաճույքով ում ցանկանա կանգնեցնի ու սթափություն ստուգի»: Երբ պարեկը փորձում է իրավախախտման արձանագրություն կազմել, նրա և Զոհրաբյանի միջև սկսվում է վիճաբանություն: Շուրջ 5 րոպե պարեկը փորձում է Զոհրաբյանին պատասխանել, թե ինչու է իրավախախտման արձանագրություն կազմում: Պարեկը ասում է, որ Զոհրաբյանը հատել է համընթաց հոսքերն իրարից բաժանող գծանշումը. «Որոշումն արդեն կայացրել ենք: Եթե ստորագրեք, մենք Ձեզ կտրոնը կտանք, եթե ոչ, ապա ասեք՝ ինչու համաձայն չեք խախտմանը»: Զոհրաբյանն էլ ի պատասխան պարեկի ասում է. «Չգիտե՞ք, որ սկզբում արձանագրություն են կազմում, հետո նոր որոշումը»:











