Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկում է Հայաստանում վերականգնել մահապատիժը: Ըստ նրա՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո արձանագրված առերեւույթ պետական դավաճանության դեպքերով նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ պետության անվտանգության դեմ ոտնձգող դրսեւորումները առաջնային են դարձնում այս հանցատեսակի դեմ պատժողական քաղաքականությունը խստացնելու հարցը:  

Փաստաբան Միհրան Պողոսյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ օրինակ՝ Հայաստանի քաղաքացիները, նրա խոսքով, այլեւս Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորություն չեն ունենա:

«Մահապատիժ նախատեսել պետական դավաճանության համար, ընդ որում առանց քննարկման առարկա դարձնելու՝ պետական դավաճանության այդ գործերն ովքեր են քննում, արդյո՞ք ունեն այնքան պրոֆեսիոնալիզմ, որ կարողանան բացահայտել այդ ամեն ինչը, ովքե՞ր են դատապարտելու ցմահ ազատազրկման. ես որեւէ կերպ համաձայն չեմ այն մտքին, որ ինչ-որ մի քաղաքացու նկատմամբ որեւիցե դատավճիռ կայացնի Մնացական Մարտիրոսյանի նման դատավորը»,- ընդգծեց Միհրան Պողոսյանը։

Փաստաբանը վստահ է, որ մահապատժի արգելքը շրջանցելու մտքից գլխավոր դատախազը հետ կկանգնի, որովհետեւ, ըստ նրա, անընդունելի է, որ անձանց նկատմամբ որեւէ հանցագործության դեպքում մահապատիժ կիրառվի։

«Հանցագործությունների տեսակները շատ տարբեր են։ Մեկ անձի համար պետական դավաճանությունն է համարվում որպես ծանր հանցագործություն, մեկ անձի համար՝ քաղաքական հետապնդում իրականացնող դատախազը, մեկի համար՝ մանկահասակ երեխայի բռնաբարությունը կամ սպանությունը։ Այս առումով առանձնացնել պետական դավաճանությունը եւ մի այլ հարթության վրա բերելը հերթական անգամ հասարակության մեջ տպավորություն ստեղծելու, որ տեսեք, մենք այնքան ենք մտածում պետության մասին, որ մահապատիժ ենք առաջարկում այն մարդկանց համար, որոնք պետական դավաճանություն են կատարել»,- նշեց Պողոսյանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն անդամակցում է միջազգային մի շարք կառույցների հետ, հարցին՝ արդյո՞ք խնդրահարույց չէ, որ Հայաստանը մահապատժի արգելքը շրջանցի, փաստաբանը պատասխանեց.

«Հայաստանում մինչեւ 2003 թվականը գործում էր 1961 թվականին ընդունված Քրեական օրենսգիրքը, որտեղ որոշ հանցագործությունների համար որպես պատիժ էր նախատեսված նաեւ մահապատիժը։ Հայաստանում կային մարդիկ, որոնց նկատմամբ պատիժ էր նշանակվել մահապատիժը. այսինքն՝ գնդակահարության միջոցով մահապատիժը։ Ընդ որում, անկախ Հայաստանի ժամանակ եղել են դատավճիռներ, որոնցով անձին դատապարտել են մահապատժի, սակայն անկախություն ստանալուց հետո կայացված դատավճիռները չէին կատարվում։ 2003 թվականին երբ նոր օրենսգիրքն ընդունվեց, բացառվեց մահապատիժը կիրառելը։ Եվ այդ դատապարտյալների նկատմամբ այդ պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ»։

Միհրան Պողոսյանը նշեց, որ Հայաստանը միշտ փորձել է հեռու մնալ մահապատիժ կիրառելուց. «Դա նաեւ իր պատմական խնդիրն ունի։ Հայ ազգը շատ է տուժել մահապատիժ կիրառելուց։ Այդ պատճառով մեզ մոտ ընդունված չի եղել մահապատիժը»։

Հարցին՝ եթե մահապատիժը մտցվի Սահմանադրության մեջ, ի՞նչ հետեւանք է ունենալու դա Հայաստանի համար, փաստաբանն ասաց. «Իրավունքի մասով հեռվանում ենք Եվրոպայի իրավական համակարգի մաս կազմելուց, այսինքն՝ երբ մենք խնդիր ենք ունենում օրենսդրության հետ կապված հարցնում ենք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ՄԻԵԴ ենք դիմում. այդ դեպքում մենք անընդունելի ենք լինելու միջազգային կառույցների համար։ Մենք քննարկման սուբյեկտ չենք լինելու։ Մենք լինելու ենք իրավական մեկուսացման մեջ, որը լավ հետեւանքներ չի ունենալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։