Երեւանի եւ Բաքվի բանակցություններից Արեւմուտքին անհրաժեշտ է, որ հայ-ադրբեջանական առճակատումը եւ ղարաբաղյան հիմնախնդիրը շտապ կարգով լուծվեն, քանի որ այդ դեպքում Արցախում խաղաղապահները, ինչպես նաեւ Հայաստանում ռուսական բազան, կհեռանան տարածաշրջանից։ Դրանից հետո էներգակիրները, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայից, ազատ կմտնեն Եվրոպա, ինչը կնվազեցնի նրա կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Արեւմուտքը, նրա գնահատմամբ, պատրաստ է վերը նշված խնդիրները լուծել ամեն գնով, այդ թվում՝ հայկական շահերի հաշվին։
«Ըստ նրա [Արևմուտքի – խմբ․] տեսլականի՝ Հայաստանը՝ որպես պարտվող կողմ, պետք է համաձայնի Բաքվի պայմաններին, որը չի գնա Արցախին կարգավիճակ տալու ճանապարհով։ Արեւմուտքը փորձում է Երեւանին ցույց տալ, որ կփորձի համոզել առայժմ քննարկել Ադրբեջանի կազմում ինչ-որ ինքնավարության հարցը։ Այս առումով ուշագրավ է Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը համաձայն է Արցախի ցանկացած կարգավիճակի, եթե ապահովվի Արցախի հայության անվտանգությունը։ Այլ հարց է, որ Բաքուն դրան էլ չի ուզում գնալ»,- հավելեց Կիվիրյանը։
Նա կարծում է, որ Բրյուսելում փակ դռների հետեւում քննարկվում է Արցախին Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակ տալու հարցը։ Իսկ ահա Մոսկվան, նրա գնահատմամբ, ցանկանում է պահպանել իր հարաբերությունները ե՛ւ Երեւանի, ե՛ւ Բաքվի հետ, սակայն նրան ձեռնտու չէ հակամարտության վերջնական լուծումը, քանի որ այդ դեպքում ստիպված կլինի լքել տարածաշրջանը։ Նրան ձեռնտու է այժմյան վիճակը:
«Այստեղ Մոսկվայի եւ Երեւանի շահերը համընկնում են, եւ խաղաղության պայմանագիրը չկա Ռուսաստանի Դաշնության համար առաջնահերթ հարցերի ցուցակում։ Այս գործընթացի արագացումը կարող է վտանգավոր դառնալ թե՛ Հայաստանի, թե՛ նրանց համար, ովքեր կփորձեն այն արագացնել»,- կարծում է վերլուծաբանը։
Նա ընդգծեց, որ հաղորդակցությունների հարցը կախված է Ուկրաինայում եւ աշխարհի այլ կետերում տիրող իրավիճակից։
«Ադրբեջանին պետք չեն այդ ճանապարհներն ու անցակետերը, նրան պետք է Հայաստանի կողմից չվերահսկվող միջանցք։ Բաքուն բացահայտ է խոսում այդ մասին։ Միջանցք տրամադրելով՝ Հայաստանը ոչ թե նույնիսկ թուրքական վիլայեթի, այլ ադրբեջանական շրջանի կվերածվի։ Այս հարցում իր սուբյեկտայնությունը կորցրած Երեւանի փոխարեն հանդես են գալիս Ռուսաստանն ու Իրանը, քանի որ նրանց միջանցք պետք չէ։ Մոսկվան դեմ չէ, եթե միջանցքն իր վերահսկողության տակ լինի։ Իրանը նույնպես դեմ չէր լինի, եթե նույնպես դրա վրա վերահսկողության լծակներ ունենար»,- եզրափակեց Կիվիրյանը։











